ԱՄՀ-ն Ուկրաինային 1 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հավանություն է արժանացրել Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության երրորդ տրանշը, հայտնում է BBC-ն։
Այդ միջոցներն ուղղվելու են երկրի տնտեսության վերականգնմանը։
Ուկրաինային ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրման որոշումը ընդունվել է, չնայած այն բանին, որ Կիևը չէր իրականացրել դրամական միջոցի ստացման համար անհրաժեշտ որոշ պայմաններ։
Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու որոշմանը կողմ էին քվեարկել ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի բոլոր անդամները՝ բացի Ռուսաստանից։ Մոսկվան պնդում էր, որ անհրաժեշտ է կասեցնել օգնության տրամադրումը, մինչև Կիևը չմարի Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլար պարտքը։
Ուկրաինան բազմիցս պահանջել է վերակազմավորել այդ պարտքը։ Վարկը ՌԴ-ն Ուկրաինային հատկացրել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարման ժամանակ, իսկ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները այդ պարտքը համարում են կոմերցիոն, այլ ոչ թե պետական։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ում գրել է, որ բավարարված է ԱՀՄ-ի որոշմամբ։