Երևանում տեղի կունենա «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը
Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում Երևանում տեղի կունենա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:
«Քանի որ Հայաստանում ռուսական ֆիլմերի օրերն են, կցուցադրվի ֆիլմի ռուսերեն տարբերակը: Կա կինոնկարի հայերեն տարբերակը՝ Գյումրու բարբառով, որը մեզ՝ հայերիս համար ավելի կոլորիտային է: Այն վարձույթում կհայտնվի մեկ ամսվա ընթացքում: Ցուցադրությանը կհրավիրվեն նաև լրագրողներ: Կարծում եմ՝ հայ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինի դիտել ֆիլմի հայերեն տարբերակը»,- նշեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:
«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին:
Երկրաշարժի հետ կապված հիշողությունները լրագրողների հետ կիսեց դերասանուհի Եկատերինա Շպիցան: «Իմ ընտանիքում շատ էին քննարկում այդ ողբերգական իրադարձությունը: Մայրս հաճախ պատմում է, որ մենք ավտոբուսով գյուղ գնալիս ենք եղել, ճանապարհի անհարթության պատճառով ուղևորները բողոքել են: Այդ ժամանակ ես՝ 3 տարեկան աղջնակս, ասել եմ. «Գիտե՞ք հիմա ում վիճակն է շատ բարդ՝ հայերի, քանի որ նրանց մոտ երկրաշարժ է եղել»: Այնքան եմ ազդվել և տպավորվել, որ այդ տարիքում նման բան եմ ասել: Այդ պատճառով անհամբերությամբ եմ սպասում ֆիլմի ցուցադրությանը»,- ասաց դերասանուհին:
Հայկական կինոակադեմիան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն այս տարի հայտավորել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը` որպես «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ»: