Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում իրանցի զբոսաշրջիկների այցը ՀՀ աճել է 47 տոկոսով
ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի գրեթե 32 մլն դրամ` ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտ քանակի տպագրությունը և ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև ՀՀ սահմանապահ ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Նախատեսվում է 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. համար տպագրել 120 հազար հատ ՀՀ մուտքի արտոնագրերի պիտակներ: Նշված կանխատեսումը 2016թ. տարեվերջին կճշգրտվի տարեկան փաստացի տվյալների հիման վրա և լրացուցիչ պահանջ չառաջանալու դեպքում 2017թ. բյուջեի նախագծով ՀՀ մուտքի արտոնագրերի պիտակների տպագրության համար նախատեսված գումարն ամբողջությամբ կտնտեսվի:
Ըստ հիմնավորման` պահանջվող գումարը հաշվարկվել է հիմք ընդունելով նախորդ գնման ժամանակ (2015թ.) մրցույթում հաղթող ճանաչված գինը, որը մեկ մուտքի արտոնագրի պիտակի համար կազմել է 265 ՀՀ դրամ: 2015թ. երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԳՆ կողմից կատարված կանխատեսումների համաձայն նախարարության պահեստում ՀՀ մուտքի արտոնագրերի առկա պաշարը պետք է բավարարեր նաև 2016թ. պահանջարկը` հաշվի առնելով նախորդ տարիների վիճակագրությունը, համաձայն որի տարեկան տրամադրվում էր 180-190 հազար հատ ՀՀ մուտքի արտոնագիր: Այդ իսկ պատճառով նախարարության 2016թ. գնումների պլանում ՀՀ մուտքի արտոնագրերի տպագրություն չի նախատեսվել:
«2015թ. ամռանը, Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների վերացումը հանգեցրեց Իրանից դեպի Հայաստան տուրիստների շեշտակի աճի, որը 2016թ. առաջին յոթ ամիսների կտրվածքով կազմել է 47%: Իրանցի տուրիստների շեշտակի աճը հնարավոր չէր կանխատեսել, քանի որ այն աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք էր: 2015թ. ընթացքում տրամադրված բոլոր ՀՀ մուտքի արտոնագրերի շուրջ 70%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին: 2016թ. օգոստոսի 10-ից Իրանի քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, հետևաբար այս գործոնն այլևս ազդեցություն չի ունենա, իսկ վիզաների հ ետագա սպառումը կնվազի: ՀՀ մուտքի արտոնագրերի մնացորդը ՀՀ ԱԳՆ պահեստում առ 22.08.2016թ. կազմում է 6,500 հատ, որը կարող է բավարարել 1-2 ամիս»,- նշված է հիմնավորման մեջ:
Ըստ տեղեկատվության` 2015թ. ընթացքում տրամադրվել է շուրջ 194 հազար մուտքի վիզա, որից 134 հազարն Իրանի քաղաքացիներին և 60 հազարն այլ երկրների քաղաքացիներին: 2016թ. 7 ամիսների ընթացքում, չհաշված Իրանի քաղաքացիներին, տրամադրվել է 37 հազար վիզա, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում` 33 հազար, այսինքն աճը կազմել է 12%: