Ի՞նչ է ժողովրդավարությունը ձեզ համար

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը ձեզ համար եւ արդյո՞ք այն ձեզ անհրաժեշտ է:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ամերիկացիներն ավանդաբար ժողովրդավարությանը մոտենում են յուրաքանչյուրի անհատական իրավունքների արժեքի եւ ազատությունների տեսակետից: Վաշինգտոնում բնակվող Ջաննի Չիքի խոսքով, ժողովրդավարությունը անփոխարինելի արժեք է. «Ինձ համար դա հնարավորություն է յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնել եւ ազդել իշխանության վրա»:

Չիքագոյից ժամանած Վելիշիա Հումսի համար իրական ժողովրդավարությունն այն չէ, որի մասին գրքերում է գրված. «Ժողովրդավարությունը դա բոլոր տարբեր ձայների միաձուլումն է»:

Նրա խոսքով, բոլորիս միջեւ առկա են եւ կմնան բազմաթիվ տարաձայնություններ, սակայն, անհրաժեշտ է հիշել կարեւոր մեկ բան. «Բոլորս մարդ արարած ենք եւ երբ խախտվում են մեկի իրավունքները, խախտվում են բոլորիս իրավունքները: Ու թեեւ մենք կարող ենք տարբեր նախընտրություններ ունենալ, դրանք բոլորը պետք է հարգվեն, քանի դեռ չեն հակասում մյուսի իրավունքներին»:

Միչիգանից ժամանած Օլի Ջոնսոնի համար ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու լիակատար կյանքի ապահովումն է. «Ժողովրդավարությունը ես հասկանում եմ որպես համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ապրել ու աշխատել իր ցանկացած տեղում եւ լիարժեք իրականացնել Աստծո կողմից յուրաքանչյուրիս տված ներուժը»:

Որոշ վերապահումներով, ժողովրդավարության կողմնակից էին նաեւ Վաշինգտոնի փողոցներով զբոսնող արտերկրացիները: Այսպես, Թուրքիայից Վաշինգտոն սովորելու ժամանած Հադիջա Գունդուզի կարծիքով, իրական ժողովրդավարություն չկա եւ ոչ մի տեղ. «Ես իրական ժողովրդավարություն եմ ուզում: Երբ մարդկանց ձայներն են որոշիչ: Իսկ իրականում ինչ-որ բան այն չէ մենք քվեն որոշ մարդկանց ենք տալիս, իսկ այն կորում է»:

Լիբանանից Վաշինգտոն տեղափոխված Մարվան Աբու Ֆադելի համար ժողովրդավարությունն այն է, երբ մարդիկ հնարավորություն ունեն ազատ առանց բռնությունների ընտրել սեփական իշխանությունը. «Կարծում եմ, ժողովրդավարությունը կառավարման լավագույն տեսակն է, որը թույլ է տալիս պայքարել կոռուպցիայի դեմ, եւ պաշտպանել մարդկանց»:

Ամերիկացիներից բացի ժողովրդավարությանն անվերապահորեն աջակցում էին Ավստրալիայից ժամանած Ռիչարդն ու Լիզան, որոնց խոսքով, ժողովրդավարությունն աշխարհում ամենակարեւորն բանն է: Հետաքրքիր է, ժողովրդավարության մասին հնչած կարծիքներից ո՞րն էր ամենամոտը անձամբ ձեզ:

Տեսանյութեր

Լրահոս