«ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում». Յունկեր
ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
Նա ընդգծել է, որ Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները չափազանց հաճախ են խոսում իրենց սեփական՝ ազգային շահերի մասին։
«Ոլորտների թիվը, որոնց շուրջ մենք աշխատում ենք համերաշխորեն, չափազանց քիչ է»,- ասել է Յունկերը։
Նա բերել է հունիսին ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի օրինակը։
Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ներկայումս բոլոր 28 երկրներն էլ չափազանց տարբեր կարծքներ ունեն, թե ինչպես է անհրաժեշտ հաղթահարել տնտեսական լճացումը, փախստականների ճգնաժամն ու ահաբեկչության սպառնալիքը։
Մեծ Բրիտանիայի դուրս գալը, դաշինքից, նա չի համարում կազմակերպության փլուզման սկիզբը։ «Թեև ԵՄ-ն զղջում է Մեծ Բրիտանիայի որոշման մասին, «այդուհանդերձ, դա չի սպառնում Եվրամիության հետագա գոյությանը»։
Ճգնաժամից դուրս գալու թեման քննարկվելու է նաև ուրբաթ օրը ԵՄ 27 երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ՝ Բրատիսլավայում, սակայն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության, տեղեկացնում է korrespondent.net-ը։