Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Էրդողանին «բռնապետ» անվանած Spiegel-ին
Թուրքիայի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել գերմանական Spiegel ամսագրին, որի վերջին համարում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչել էին «բռնապետ», հայտնում է AFP գործակալությունը։
Երեքշաբթի Spiegel ամսագիրը թողարկել էր հատուկ համար, որի շապիկին պատկերված էր Թուրքիայի նախագահը մուգ ակնոցով։ Առաջին պլանում տեսանելի էր մզկիթ, որի մինարեները վերափոխված էին երկինք սլացող հրթիռների։ Լուսանկարն ուղեկցվում էր «Երկիրը կորցնում է իր ազատությունը» գրությամբ։
«Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում։ Վատ նորությունները հասնում են գրեթե ամեն օր։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեփոխիչից վերածվում է բռնապետի»,- ասվում է հատուկ թողարկման նկարագրության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ամսագրի հատուկ համարը անվանել է Ղուրբան-բայրամի տոնակատարության ընթացքում մուսուլմանների զգացումը վիրավորող։
Նախարարության թողարկումը իրենից ներկայացնում է «խեղաթյուրված և կանխակալ մտածողության նոր դրսևորում», հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից՝ հավելելով, թե շապիկի ամսագիրը «հատկապես սադրիչ է»։
«Մենք ցավով դատապարտում ենք պարոն նախագահին հեղինակազրկելու փորձերը»,- հավելել են Թուրքիայի ԱԳՆ-ից։