«Մենք սիգնալներ ենք տալու, թե որ ուղղությամբ է զարգանալու տնտեսությունը. Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովում է (ուղիղ)
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցեր ուղղեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։
«ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեցիք, որ ունեք 2 ծրագիր, և Ձեր մինիմում ծրագիրն է երկրի տնտեսության վերականգնումը, շուտափույթ խնդիրների լուծումը և այլն… Ի՞նչ քայլեր եք անելու այդ խնդիրները լուծեու համար։ Նախկին կառավարությունը քաղաքական պայքարի մի շարք առաջնահերություններ էր որդեգրել՝ պայքար կոռուպցիայի դեմ, մենաշնորհների վերացում, աջակցություն փոքր և միջին բիզնեսին. Հանդիսանալո՞ւ են արդյոք այդ խնդիրները առաջնահերթություն Ձեր կառավարության համար։ Կառավարության ձևավորման հարցում որո՞նք են լինելու Ձեր կադրային մոտեցումները։ Մոտավորապես ի՞նչ կաբինետ եք ձևավորելու, արդյոք կա՞ կադրերի պակաս»,- վարչապետին դիմելով՝ հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ ինքը հայատարարել է, որ լինելու է երկու փուլային ծրագիր, առաջին փուլի մեջ լինելու են այն քայլերը, որոնք իրենք կարող են մոտ ապագայում անել, իսկ երկրորդ փուլի համար իրենց պետք է ժամանակ, որպեսզի իմանան, թե որ ուղղությամբ են տանելու երկիրը։
«Սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե մեր տնտեսությունը որ ուղղությամբ է գնալու։ Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու ենք։ Այն ուղղությամբ ենք մեր տնտեսությունը զարգացնելու, որ ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծողին։ Դա կարող է շատ ընդհանուր բանաձև թվալ, բայց այս պահին՝ այսքանը, որովհետև բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրներն այն երկրներն են, որտեղ ստեղծարար մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդն իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող երկրներն այդ ցանկում չեն։ Թե կառավարության կազմը ո՞նց ենք ընտրելու, մաքսիմալ պրոֆեսիոնալ։ Կուսակցական պատկանելությունը դեր խաղալո՞ւ է, թե՞ ոչ. եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավն է։ Լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում և, իհարկե Երևանում»,- եզրափակեց վարչապետը։
Լ. Սարգսյանին, սակայն, չբավարարեց վարչապետի պատասխանը։ Նա այն շատ ընդհանուր համարեց, ու խնդրեց կոնկրետ որոշակի քայլեր մատնանշել, որոնք արվելու են նրա կողմից։
Կ. Կարապետյանն ասաց, որ ինքը դեռ 1.5 օր է վարչապետ. «Արագ փոփոխություններ, որ ասում եմ՝ չի լինելու, դա չի նշանակում, որ մենք քայլեր չենք իրականացնելու, մենք կոնկրետ քայլեր ենք իրականացնելու, բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, և այս պահին եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անել, պետք է անենք համակարգային փոփոխություններ, ռեալ՝ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»։