Լավագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Յուրաքանչյուր տարի «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

«Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չունենք Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել»,- նշել է Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները /«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, «Տարվա լավագույն տնօրեն»՝ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, «Տարվա լավագույն դաստիարակ»՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյան/:

«Հանձնաժողովներում ընդգրկված են ԿԱԻ-ի, ինչպես նաև վերոնշյալ մրցույթներում նախորդ երեք տարիներին հաղթած մասնակիցները: Դպրոցական և մարզային փուլում լավագույններն ընտրվում են տարբեր չափորոշիչներից ելնելով՝ դասալսումներ, ողջ տարվա աշխատանքային գործունեության ամփոփում և այլն: Մրցույթը կարող է անցկացվել և հարցազրույցի, և թեստային առաջադրանքների միջոցով. ամեն մարզ ինքն է ընտրում անցկացման կարգը: Հանրապետական փուլում լավագույններն ընտրվում են հարցազրույցի միջոցով, որի ընթացքում մասնակցին հնարավորություն է տրվում ներկայացնել իր ծրագիրը, փորձը և տեսլականը»,-ընդգծել է Սյուզաննա Մակյանը:

Նշենք, որ ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», հանդիսավոր արարողության ժամանակ:
Այդ օրը կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:

Տեսանյութեր

Լրահոս