«Դժվար ժամանակներ են Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար». Դիոգո Պինտո
«Դժվար ժամանակներ են Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար։ Բայց տեղին է նաև նշել, որ եղել են ավելի բարդ ժամանակաշրջաններ, այսինքն՝ դժվարությունների տեսանկյունից եղել ենք գագաթնակետին, իսկ ներկայումս հասել ենք առավել դրական հանգրվանի։
Եվ ՀՀ իշխանություններից, և ԵՄ պաշտոնյաներից հավաստիացել եմ, որ ՀՀ-ԵՄ նոր իրավական շրջանակի ձևավորման բանակցությունները բավականին լավ ընթացքի մեջ են։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ։ Նման հարցերը ժամանակ են պահանջում։ Անկասկած, լինելու են խոչընդոտներ, որոնց հետ կողմերը պետք է առնչվեն, բայց ես նկատել եմ չափազանց դրական տրամադրվածություն երկու կողմում էլ, որը դրական ու մոտիվացնող է»,- այս մասին է «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ ղեկավար Դիոգո Պինտոն՝ խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա ներկայիս տրամադրությունների մասին։
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ նաև այն, թե որտեղից են գալիս մարտահրավերները։ Պինտոյի համոզմամբ՝ և Հայաստանը, և Եվրոպական միությունը բավականին ինտենսիվ ճգնաժամեր են ապրում, այս ճգնաժամերը տարբեր պատճառներ ունեն, կան տնտեսական խնդիրներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, կան սոցիալական խնդիրներ երկու կողմում էլ, կարևոր պահ է կողմերի համար, նրանք պետք է մտածեն ապագայի և այն մասին, թե ինչ պետք է փոխել սեփական ռազմավարություններում հաջողության հասնելու համար։ Նա ասել է, որ իրենց կազմակերպությունը կփորձի ներկայացնել Հայաստանը Եվրոպայում՝ դրական լույսի ներքո։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: