«Մի հատ հստակեցրեք՝ դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական». Գագիկ Մելիքյան

«Հարսնաքարի գործը վաղուց է անցել պատմության գիրկը, և առանձին անունների շահարկումը բացարձակապես տեղին չէ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Հարսնաքարի գործին անդրադարձել էր  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը 2012թ. Հարսնաքարի գործով որպես մեղադրող դատախազ է մասնակցել։

«Այս գործի կոնտեքստում հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցն այն էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի մերձավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առնչություն ունեցել է այս գործի հետ, արդյո՞ք հրահանգել է ծեծել։ Նախաքննությունը «բարեհաջող» ավարտվեց՝ պաշտոնական «բարեհաջող» պատասխանով, որ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի»,- ասել էր պատգամավորը։

Գ. Մելիքյանը դիմեց պատգամավորներին.

«Մի հատ հստակեցրեք՝ դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, այլ օրենքներով եք առաջնորդվում։ Վիրավորված առանձին իմ քաղաքական գործընկերները հայտարարում են, որ մենք ցուցմունք տվող չենք, իհա՛րկե ցուցմունք տվող չենք, բայց համապատասխան գործերով՝ կարելի է համապատասխան հայտարարություններով հանդես գալ, ու հետևել, որ այդ գործերն ընթացք ստանան»։

Իսկ Ա. Դավթյանին հորդորեց ներողամիտ լինել պատգամավորների նկատմամբ.

«Նրանք ձեզ մեղադրելու նպատակներ չունեն, նրանք ուղղակի իրենց ելույթներով փորձում են հիշեցնել իրենց գոյության մասին։ Ուշադրություն մի դարձրեք»։

Վերջում նշեց, որ քվեարկելու է Ա. Դավթյանի օգտին. «Կարծում եմ՝ այս դահլիճի պատգամավորների մեծ մասը նույնպես քվեարկելու են ձեր օգտին»:

Է. Շարմազանովն էլ հավելեց՝ ոչ թե մեծամասնությունը, այլ ճնշող մեծամասնությունը։

Տեսանյութեր

Լրահոս