«Մի բանում ձեր բախտը բերել է՝ ի տարբերություն նոր վարչապետ Կարեն Կարապետյանի». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին
«Արդեն քանի անգամ այս և նախորդ խորհրդարանը քննարկել է գլխավոր դատախազի թեկնածության խնդիրը՝ նույն մթնոլորտում, նույն տրամաբանությամբ, նույն կանխատեսելի ելույթներով։ Ես բացահայտ արհամարհանք եմ համարում խորհրդարանի հանդեպ այն, որ խորհրդարանը չստացավ հստակ պարզաբանում, թե ինչու հրաժարականի դիմում գրեց Գևորգ Կոստանյանը։ Ծիծաղելի պատճառաբանությունները՝ առողջական խնդիրների հետ կապված, ևս մեկ արհամարհանք է խորհրդարանի հանդեպ։ Որքան տեղյակ եմ՝ ոչ մի առողջական խնդիր, ըստ մամուլի հրապարակումների, չի խանգարելու Գ. Կոստանյանին՝ զբաղեցնել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Այդ ի՞նչ առողջական խնդիր էր, որ մարդը Հունաստանում չուներ, ու մի օր հետո վերադարձավ ու առաջացավ»,- այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Դիմելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին՝ նա ասաց. «Բնական է, որ չեք գալու այստեղ և ասեք, որ շարունակվելու է Հայաստանի արդարադատության համակարգում տիրող «բարդակը»։ Դուք չեք գալու և ասեք, որ շարունակվելու է դատական համակարգի խայտառակ կոռուպցիան, որ մարդիկ վախենում են դիմել դատարան անգամ ամենամանր կենցաղային խնդիրներով, որովհետև վախենում են, որ իրենց «կնստացնեն» կամ «փող կպոկեն»։ Դուք չեք կարող դատական համակարգն ազատել կոռուպցիայից, որովհետև ձեզ թույլ չեն տալու, ինչքան էլ ձեր մարդկային, պրոֆեսիոնալ որակները լինեն ամենաբարձրը։ Այստեղ մարդկային և պրոֆեսիոնալ որակների խնդիրը չէ, խաղի կանոնի խնդիր է»։
Ն. Զոհրաբյանը նշեց, որ օրերից մի օր էլ Արթուր Դավթյանը կարող է արյան ճնշման խնդիր ունենալ և անակնկալ հեռանալ պաշտոնից. «Ձեր անձով ոչինչ չի փոխվելու, Ձեր անձն այստեղ կարևոր չէ, քանի դեռ երկրում խաղի կանոն չի փոխվել, որևէ տեղաշարժ, հատկապես՝ դատաիրավական համակարգում, չի լինելու։ Մի բանում Ձեր բախտը բերել է՝ ի տարբերություն նոր վարչապետ Կարեն Կարապետյանի. Գոնե Ձեր հասցեին այդպիսի նողկալի, այլանդակ քծնանքներ չհնչեցին, ու հույս ունեմ՝ չեն հնչի։ Ձեզ չասացին, որ Դուք դատական համակարգը կդարձնեք Սինգապուրի դատական համակարգ, չասացին, որ մոլորակում մեծ կապեր ունեք, իհարկե, մոլորակը չճշտվեց, թե Կարեն Կարապետյանը ո՞ր մոլորակում կապ ուներ՝ Մա՞րս, Յուպիտե՞ր, Վեներա՞, թե՞ երկիր Մոլորակում։ Գոնե այնքանով հարգեցին Ձեզ, որ հերթ չկանգնեցին կեղտոտ, նողկալի քծնանքի համար։ Դրա համար ես Ձեզ շնորհավորում եմ։ ԲՀԿ-ն չի մասնակցելու Ձեր քվեարկությանը. խոսքը «Բարգավաճ Հայաստանի» կուսակցական պատգամավորների մասին է։ Մենք առաջարկելու ենք, որ այն պատգամավորները, որոնք չեն կիսում խմբակցության դիրքորոշումները, վայր դնեն պատգամավորական մանդատը»։