Ախթալայում Խորովածի փառատոնին մասնակցելու են նաև Վրաստանից և Ռուսաստանից
Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 24-ին անցկացվելու է Խորովածի փառատոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը` ընդգծելով, որ օրվա փոփոխություն չի եղել: Հասարակության շրջանում տեղեկություն կար այս մասին, որ սեպտեմբերի 24-ն աշխատանքային օր լինելու հանգամանքով պայմանավորված հնարավոր է փառատոնի օրը փոխվի: Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նման բան չկա, բազմաթիվ պայմանավորվածություններ կան, հետևաբար, փառատոնն անցկացվում է նախապես հայտարարված օրը` սեպտեմբերի 24-ին:
«Այս տարի ևս ակտիվ մասնակցություն է սպասվում: Արդեն իրենց մասնակցությունն են հաստատել Վրաստանի մեր գործընկերները: Նախատեսված է մասնակցություն Ռուսաստանից: Մենք այս ընթացքում աշխատանք ենք տարել տուրիստական գործակալությունների հետ, որպեսզի այդ օրը հյուրերի հոսքը մեծ լինի»,-ասաց Սեդրակ Մամուլյանը
Փառատոնի նպատակն է հայկական ավանդական խոհանոցային արվեստը տարածելն ու զարգացնելը, և տարածաշրջանային զբոսաշրջությանը նպաստելը: Հմուտ խորոված պատրաստողների շրջանում թեժ մրցակցություն է սպասվում: Սեդրակ Մամուլյանն ընդգծեց, որ կանոնները խստացվելու են, ժյուրին պատրաստի խորովածների որակական ու համային հատկանիշները խիստ է գնահատելու:
Հյուրերը հնարավորություն են ունենալու համտեսել խոզի, հորթի, գառան, ձկան, բանջարեղենի խորոված: Փառատոնը կուղեկցվի պարային համույթների ելույթներով: Նախատեսված են գյուղմթերքի ու արհեստագործական նյութերի ցուցադրություններ: