ԱՄՆ-ը մեկ երրորդով բարձրացրել է փախստականների ընդունման քվոտան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան պլանավորում է 2017 թվականի ֆինանսական տարում ավելացնել փախստականների ընդունման քվոտան 30 տոկոսով՝ մինչև 110 հազար մարդ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ մինչև սեպտեմբերի 30-ը, երբ կավարտվի ընթացիկ ֆինանսական տարին, ԱՄՆ-ը իր տարածքում կապաստանի մոտ 85 հազար փախստականի և պարտադրված տեղահանվածների։ 2015թ․ այդ թիվը կազմում էր 70 հազար մարդ։
110 հազար մարդուց, որոնց ԱՄՆ-ը պլանավորում է ընդունել 2017թ․ ֆինանսական տարում, մոտ 40 հազարը Հարավարևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներից են լինելու, ներառյալ՝ Սիրիան։ Եվս 35 հազար մարդ կժամանի Աֆրիկայից, գրում է Wall Street Journal-ը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջ ԱՄՆ-ը կընդունի նվազագույնը 10 հազար սիրիացի փախստականի։