Բաժիններ՝

«Մեղու» հայերենի մրցույթի հայտադիմումների ընդունումը սկսվել է

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1250 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, մրցույթի անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

«Այբ» կրթական հիմնադրամից տեղեկացնում են, որ աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7-ը:

«Մեղու» մրցույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով մրցույթի կայք:

«Մեղու» հայերենի մրցույթը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթը 2014 թվականից ամեն տարի անցկացվում է Հայաստանի ու Արցախի դպրոցներում։

Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, զարգացնել երեխաների լեզվամտածողական և լեզվագիտական ունակությունները:

2015 թ.-ին «Մեղու»-ին մասնակցել են ընդհանուր թվով 41.606 դպրոցականներ հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 1001 դպրոցներից: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 1 աշակերտ: Բացի դրանից, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 308 աշակերտ։ «Այբ» կրթական հիմնադրամը հատուկ խրախուսական մրցանակներ է շնորհել ևս 905 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չեն եղել հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս