Նոր նշանակումներով կանխվում է Քոչարյանի վերադարձը. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին:
Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բարձր պաշտոնների են նշանակվում Քոչարյանի հատկապես այն կադրերը, ովքեր նրա իշխանության տարիներին եղել են նրա ամենավստահելի մարդիկ: Այդ մարդկանց Ռ. Քոչարյանը տարիների ընթացքում նշանակել է ամենաառանցքային պաշտոններում ու տվել ազդեցության մեծ լծակներ, որոնք դուրս էին անգամ նրանց պաշտոնական շրջանակներից: Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ Քոչարյանի կադրերի վերադարձի գործընթացը սկսվել էր ավելի վաղ, երբ ԱԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, որը նրա աշխատակազմի ղեկավարն ու ամենավստահելի մարդն է եղել տարիներ շարունակ: Ի դեպ, ժամանակին մենք գրել էինք, որ մեծ ջանք է գործադրվել նրան համոզելու համար, որ համաձայնի նշանակվել այդ պաշտոնին:
Այսօր արդեն իշխանամերձ շրջանակները չեն բացառում, որ առաջիկայում քոչարյանական այլ կադրեր նույնպես կնշանակվեն տարբեր պաշտոնների: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես թե մի հետաքրքիր ազգային համաձայնության իշխանություն է ձեւավորում, որտեղ մեծ տեղ է տալիս նաեւ Քոչարյանի մտերիմներին: Ու առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ այդ նշանակումները համաձայնեցված են վերջինիս հետ: Սակայն քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ այլ վարկած, թե Սարգսյանը փորձում է իրենով անել Քոչարյանի կադրերին, որպեսզի առաջիկայում՝ հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանք իր դեմ ինչ-որ գործունեություն չծավալեն: Մասնավորապես այս երկու պաշտոնյաները լավ տիրապետում են քարոզչության կամ հակաքարոզչության ու ընդհանրապես ներիշխանական հարաբերությունների նրբություններին: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավորության դեպքում Քոչարյանն ակտիվ քաղաքականություն կվերադառնա, ու պարզ է, որ առաջինը նրա կողքին պիտի կանգնեն իր նախագահության տարիների վստահելի պաշտոնյաները: Այս ու հետագա նշանակումով Սարգսյանը նվազեցնում է Քոչարյանի վերադարձի հնարավորությունները ու նրան իր համար հնարավորինս անվտանգ դարձնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: