Ինչ որակի ձու է ՌԴ-ից ներկրվում Հայաստան
Լուրերը, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվում ցածրորակ ձու, իրականությունը չեն համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը: Նրա փոխանցմամբ` սահմանային վերահսկողության շրջանակներում ներկրված ձվի բոլոր խմբաքանակները պարտադիր ենթարկել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության: Արդյունքում, Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ձվի ցուցանիշներում որևէ շեղում չի արձանագրվել: Ձուն, բացառությամբ մեկ խմբաքանակի մի մասի, եղել է մակնշված, պիտանիություն ժամկետը՝ պահպանված:
Ծառայությունը սահմանային պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է 400 արկղ՝ 144 հազար չմշակված ձու (այս խմբաքանակի մեջ 900 արկղ է եղել): Չնայած, որ ձուն եղել է թարմ և համապատասխանել է անվտանգության բոլոր նորմերին, ՍԱՊԾ-ն արգելել է այն իրացնել, քանի որ չեն պահպանվել մակնշմանը ներկայացվող օրենսդրական պահանջները: Չմակնշված ձուն, սահմանված կարգով, ենթակա է օգտահանման, ոչնչացման կամ հետ վերադարձի:
Ծառայության ներկայացուցիչը մասնակցել է ձու արտադրող տնտեսավարողների հետ օրերս կազմակերպված քննարկմանը՝ ներկայացնելով սահմանային վերահսկողության շրջանակում կատարված գործողությունները և հավաստելով, որ ծառայությունը հետևողական է լինելու անբարեխիղճ տնտեսավարողներին բացահայտելու հարցում: Միաժամանակ, տնտեսավարողներին ներկայացրել է ձվի ներմուծմանն առնչվող՝ անասնաբուժական և անասնաբուժասանիտարական պահանջները, ուղեկցող փաստաթղթերի ձևակերպման կարգը, ինչպես նաև՝ ձվի տեղափոխմանը և պահպանմանը ներկայացվող ԵԱՏՄ նորմերը: