«Ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը Դուք էլ չեք անհայտանա». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին

«Այստեղ, կարծես թե, դեժավյուի տպավորություն է, նույն ելույթները, որ լսել ենք Գևորգ Կոստանյանից, նախորդ թեկնածուից…  Ոչ մի բան չի փոխվում արդարադատության մասին, արդարադատությունը վերականգնելու ձեր պատրաստակամության մասին, երևի միայն բարդ համադասական նախադասությունը կարող է փոխվել պարզ նախադասության, ընդամենը փոխվում է բառամթերքը և բառերի շարանը»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին։

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ բնական է այն անտարբերությունը, որ կա ԱԺ Նիստերի  դահլիճում։ Ըստ նրա՝ Ազգային ժողովը, որը ձայների մեծամասնությամբ ընտրել էր նախորդ դատախազին, պարտավոր է իմանալ Գևորգ Կոստանյանի  հրաժարականի իրական պատճառը.

«Ոչ թե կոֆեի բաժակ նայեր և մամուլում տարբեր վարկածներ քննարկեր՝  հիվանդ ա-հիվանդ չի, դուխով տղա ա եղել՝ չի ցանկացել «Սասնա ծռերի» գործունեությունն  «ահաբեկչություն» որակել, դրա համար հանել են, կամ  Վրաստանում դեսպան են առաջարկում, դրա համար են հանել…

Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը Դուք էլ չեք անհայտանա, ու Ձեր պաշտոնանկության մասին մենք կիմանանք, որ Դուք մի քիչ տրամադրություն չունեք, կամ Ձեր ճնշումը բարձր է, կամ որևէ մի այլ պատճառ կա, և այդպես էլ այն մարմինը, որը դե յուրե պարտավոր էր իմանալ ճշմարտությունը, այդպես էլ չի իմանում պատճառը»։

Ա. Դավթյանը նշեց, որ ինքն ավելին չի կարող ասել, քան պաշտոնական մեկնաբանությունն է Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասով. «Կարծում եմ՝ պետք էլ չի որևէ այլ պատճառ փնտրել»։

Տեսանյութեր

Լրահոս