Բաժիններ՝

Armenia StartUp Cup 2016՝ նոր հեռանկարներ, նորարարական բիզնես մոդելներ Հայաստանի 12 քաղաքներից

Սեպտեմբերի 10-ին Երևանում արդեն 4-րդ անգամ մեկնարկեց ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնությունը:

Մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցների ակտիվությունը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով, ինչպես նաև իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին:

Մրցույթի առաջին փուլը մեկնարկեց «Ինչպես կառուցել կենսունակ բիզնես մոդել» խորագիրը կրող երկօրյա սեմինարով (Extreme Build-A-Business Weekend), որի ընթացքում 40 խորհրդատուներ ու մենթորներ Հայաստանից բիզնես ոլորտում ունեցած իրենց բազմամյա փորձն ու հարուստ գիտելիքը փոխանցեցին Երևանից նախապես ընտրված 100 ստարտափների:

Armenia StartUp Cup-ի կայացմանը զուգընթաց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մասնակիցներ ոչ միայն Երևանից, այլև շրջանների քաղաքներից ու համայնքներից, ինչպես նաև Արցախից: Հաղթողի կոչման համար այս տարի մրցում են ընդհանուր առմամբ 156 ստարտափներ Հայաստանի 12 քաղաքներից՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից, Իջևանից, Նոյեմբերյանից, Արմավիրից, Արարատից, Սպիտակից, Թալինից, Վարդենիսից, նաև Ստեփանակերտից:

Առաջնության շրջանակում մրցող ձեռներեցները փորձառու ընտրող հանձնաժողովին ներկայացրին նորարարական բիզնես գաղափարներ՝ ուղղված ամպային տեխնոլոգիաների, մաքուր էներգիայի, էլեկտրոնային առևտրի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը: Խորհրդատվության միջոցով նրանք հնարավորություն ունեցան վերածելու դրանք գործուն բիզնես մոդելի շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան:

Երկօրյա միջոցառման ավարտին հայտարարվեցին լավագույն 25 նախագծերը: Հաշվի առնելով առաջարկված նախագծերի հետաքրքրությունն ու արդյունավետությունը՝ 15 նախագիծ ևս հնարավորություն ստացավ պայքարելու հաջորդ փուլում: Այսպիսով, Երևանից Extreme Build-A-Business միջոցառման հաղթող ճանաչվածների ընդհանուր քանակը 40 է: Ընտրված նախագծերի մեծ մասը նպատակ ունի խթանել ՏՏ, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտների արդյունավետությունը: Մրցույթի մարզային փուլը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Դիլիջանում, իսկ եզրափակիչ փուլը՝ նոյեմբերի 15-ին Երևանում:

img_1371

Հաղթող մասնակիցը որպես մրցանակ կստանա մինչև 1.500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություն և ծառայություններ: Հաղթողը նաև եզակի հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես պարգև կստանան 1.000.000 և 500.000 ՀՀ դրամ ու ևս հնարավորություն կունենան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին և իրենց բիզնեսը ներկայացնելու վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Միջոցառման կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

«Armenia StartUp Cup ազգային առաջնության առաջնային նպատակն է մեր երկրում ավելի զարգացած բիզնես համայնքի ձևավորումը որակյալ վերապատրաստման միջոցով: Բաց լինելով ցանկացած բիզնես գաղափարի համար՝ այս կարևորագույն նախաձեռնությունը օգնում է բացահայտել և խթանել առկա ձեռներեցության ներուժը և դիրքավորել Հայաստանը միջազգային ասպարեզում: Առաջնությունը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, ինչն, անշուշտ, ողջունելի է: Մեզ համար մեծ պատիվ է լինել նման կարևոր միջոցառման կազմակերպիչը»,- նշեց միջոցառման կազմակերպիչ, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

Երևանում կայացած Extreme Build-A-Business միջոցառման աջակիցներն են Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցը, ՄեգաՖուդ ընկերությունը, BizNest ձեռներեցության կենտրոնը և Deem Communications ընկերությունը:

Ամբողջական 2,5 ամսվա աքսելերացիոն ծրագիրն ունի բազմաթիվ այլ աջակիցներ և գործընկերներ, որոնց թվում են Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan), Դիլիջանի համայնքային կենտրոնը, Տավուշի մարզպետարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը և Արմակադ ընկերությունը, և նրանց թիվն օրեցօր ավելանում է:

Armenia StartUp Cup-ի մասին

StartUp Cup-ը բիզնես-մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:

StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է  72 երկրում, որին  մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և արվել է 744,527,056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում: Մանրամասների համար այցելեք startupcup.com:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս