«Գյումրիի թատրոնի կոլեկտիվը պատրաստ է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որպեսզի թատրոնն ունենա իսկական տնօրեն». դերասանները բացում են փակագծերը
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մի խումբ դերասաններ այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պարզաբանելու թատրոնում ստեղծված լարված իրավիճակն և նոր խմորումները: Պարզվում է՝ նրանք բառացիորեն վերջերս են տեղեկացել այն մասին, որ իրենց թատրոնը ղեկավարելու հայտ են ներկայացրել, վերջիններիս հավաստմամբ՝ ոչ կոմպետենտ երկու թեկնածուներ:
Ասուլիսի մասնակից, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը վրդովված ներկայացրեց ստեղծված իրավիճակը.
«Թատրոնում լրացել է մեր տնօրենի կառավարման ժամկետը: «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարություն է տրվել, որ նախատեսվում է անցկացնել թափուր աշխատատեղի նոր մրցույթ: Գիտեք, բոլորս չէ, որ ամեն Աստծո օր կարդում ենք այդ թերթը: ԶԼՄ-ներով ոչ մի հայտարարություն չի եղել, թատրոնում բոլորս անտեղյակ ենք ու հանկարծ իմանում ենք, որ մեր քաղաքից երկու կին հայտ են ներկայացրել մասնակցելու մրցույթին: Ու քանի որ քաղաքն այդքան մեծ չէ, մենք ճանաչում ենք բառացիորեն բոլորին: Այդ երկու տիկնայք՝ Մարգարիտա Մինասյանն ու Արաքսյա Կիրակոսյանը, որոնցից և ոչ մեկի անձի դեմ մենք ոչինչ չունենք, ընդհանրապես թատրոնի ոլորտի հետ ոչ մի կապ չունեն, չեն տիրապետում թատրոնի ստրուկտուրային, իսկ քանի որ, ըստ ՊՈԱԿ-ի կանոնադրության, բոլոր իրավասությունները տրված են տնօրենին, նշանակում է՝ այդ տնօրենը պետք է տիրապետի ոչ միայն կառավարման վարչական մասին, այլ նաև, գոնե կիսով չափ՝ ստեղծագործական մասին:
Այս կանայք առհասարակ անտեղյակ են՝ ի՞նչ է իրենից ներկայացնում թատրոն ասվածը: Հիմա թատրոնում մեծ աղմուկ է բարձրացել, չէ՞ որ կարելի էր՝ այլ թեկնածուներ առաջադրվեին՝ թե´ քաղաքից, թե´ թատրոնի ներսից, որոնք կապ կունենային թատրոնի հետ»,- ասաց նա:
Սուսաննա Բաղդասարյանը հավելեց նաև, որ ՀՀ Մշակույթի նախարարն արդեն տեղյակ է, որ թատրոնի անձնակազմը դեմ է առաջադրված երկու տիկնանց թեկնածությանը և խոստացել է ի շահ թատրոնի՝ խնդրին դրական լուծում տալ, որին սպասում է ողջ անձնակազմը:
Ասուլիսի բանախոս, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանի պարզաբանմամբ՝ աղմուկն այնքան է աճել, որ թատրոնի ստեղծագործական թիմն իր ձայնը բարձրացնելու համար հասել է Երևան.
«Մենք և´ Գյումրու, և´ արդեն երևանյան լրատվամիջոցներին տեղեկացրել ենք խնդրի լրջության մասին: Նույն մտահոգությունը հայտնել ենք նաև Մշակույթի նախարարին՝ մի´ տարեք թատրոնը կործանման: Մենք հասկանում ենք, որ այդ թեկնածուները կոմպետենտ չեն՝ ղեկավարելու թատրոնը: Մենք նույնիսկ հանդիպել ու զրուցել ենք թեկնածուներից մեկի հետ՝ հորդորել ենք չգնալ այդ քայլին՝ թատրոնն ապրում է իր ծաղկման շրջանը, մի՛ խանգարեք մեր առաջընթացին, որովհետև ոլորտից անտեղյակ մարդու գալով՝ այլ ելք չի մնում: Որքան էլ որ այդ մարդիկ հասկանում են մենեջմենթից ու տնտեսագիտական հաշվարկների մեջ գուցե հաջողված են, բայց թատրոնն ունի իր սպեցիֆիկան, իր աշխատաոճը, որին իրենք անտեղյակ են»:
Պարզվում է, սակայն, որ թեկնածուները վստահ են իրենց ուժերի և գիտելիքների վրա ու չեն պատրաստվում հետքայլ կատարել: Այս մասին մտահոգված տեղեկացնում է ասուլիսի մյուս բանախոս, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը.
«Ե´վ Գյումրիում տված մեծ ասուլիսի ժամանակ, և´ հիմա կրկնում ենք, որ մեր խնդիրն անձերի դեմ չէ: Ասեմ ավելին, թեկնածուներից մեկի՝ Մարգարիտա Մինասյանի հետ թատրոնը նույնիսկ համագործակցել է: Տիկին Մինասյանը «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատերն ու տնօրենն է, և մենք սերտ գործնական հարաբերությունների մեջ ենք եղել: Հատկապես շեշտում եմ այս փաստը՝ հաստատելու համար, որ անձերի կռիվ չունենք: Միգուցե ինքը խորապես չի գիտակցում, որ թատրոնը, այնուամենայնիվ, սպեցիֆիկ ոլորտ է և շատ հեռու է հեռուստատեսություն կառավարելու փորձից: Մեր միակ խնդիրը կոմպետենտ թեկնածուի առաջադրումն է»:
168.am-ի այն հարցին՝ ո՞մ են ասուլիսի մասնակիցները համարում կոմպետենտ թեկնածու՝ թատրոնի տնօրենի թափուր աշխատատեղի համար, թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանն այսպես պատասխանեց.
«Մենք նախընտրելի թեկնածու չունենք, որևէ մեկին չենք պաշտպանում: Նախկին տնօրենի ժամկետը լրացել է: Գիտեմ՝ ինչ պատճառներով՝ նախկին տնօրենը բաց է թողել թափուր պաշտոնի համար հայտ ներկայացնելու ժամանակը, ուղղակի մոռացել է: Մենք զբաղված էինք մեր թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքներով: Այս պահին ավելին չեմ կարող ասել կամ ավելացնել, թե ինչու է այդպես ստացվել»:
Պարզվում է՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ևս տեղյակ է Գյումրու թատրոնում սկիզբ առած խնդրին և սպասում է Մշակույթի նախարարության դրական որոշմանը: Այս մասին իր կարծիքը հայտնեց ասուլիսի մասնակից դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով ուշագրամ մի դիտարկում.
«Ես կբացեմ փակագծերը՝ միգուցե մեր նախկին տնօրենը մեզ երբեք չուղղորդեց՝ ձայներ շահելու Հանրապետական կուսակցության օգտին, և դա եղավ պատճառը, որ նա պարզապես «դուրս մնա» իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, որովհետև բառացիորեն վերջին րոպեներին են նրան տեղեկացրել, որ ինքը պետք է հայտ ներկայացնի՝ նոր տնօրենի թափուր աշխատատեղի համար: Մենք զբաղված էինք բեմի վերանորոգման աշխատանքներով, իսկ թեկնածուներից մեկին՝ Մարգարիտա Մինասյանին, ի դեպ, ես հարց տվեցի՝ Դուք քնից արթնացել ու հանկարծ որոշում եք կայացրել՝ առաջադրվելու որպես թատրոնի տնօրե՞ն… Հետևությունները ձեզ եմ թողնում»:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, ով նույնպես հրավիրված էր ասուլիսին, իր խոսքում այսօր հակիրճ գտնվեց.
«Ես միայն մի բան կարող եմ ասել՝ այս ամենն անընդհատ տեղի է ունենալու, և ո´չ միայն այս թատրոնում, այլև հանրապետության և քաղաքային բոլոր թատրոններում, որովհետև պե´տք է լինի թատրոնի օրենք, որը ոչ մի կերպ չեն ուզում գլուխ բերել: Ա՛յ դա չեն ուզում անել, և պետք է պարզել՝ ինչո՞ւ: Ա´յ մարդ, օրենք ընդունեք՝ ամեն բան իր տեղը կընկնի:
Չե՞ք նկատել, որ մեր բոլոր թատրոններում նմանօրինակ իրավիճակ է… դնում են, հանում են… մի խոսքով՝ թատրոնի օրենք ընդունեք: Սա է իմ խնդրանքն ու պահանջը:
Նայեք, օրինակ վերցրեք Վրաստանից, որտեղ կա փայլուն օրենք՝ թատրոնի մասին, և որտեղ թատրոնները նույնիսկ ՊՈԱԿ չեն…»:
Տեղեկացնենք, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր աշխատատեղի համար նախատեսված ընտրությունները կանցկացվեն վաղը՝ ՀՀ Մշակույթի նախարարությունում: Ասուլիսի մասնակից դերասանները հույս ունեն, որ ընտրությունները, այնուամենայնիվ, չեղյալ կհայտարարվեն մինչև այն պահը, երբ ի հայտ կգա առավել կոմպետենտ թեկնածո:.
«Եթե այդպես չլինի, մենք գիտենք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը, բայց այս պահին նպատակահարմար չենք գտնում բարձրաձայնել այդ մասին: Համենայնդեպս՝ կոլեկտիվը պատրաստ է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որպեսզի թատրոնն ունենա իսկական տնօրեն»,- ասուլիսն ամփոփեց թատրոնի վաստակավոր դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը: