Արթուր Դավթյանը հույս ունի՝ կկարողանա էլ ավելի բարձրացնել դատախազների աշխատավարձը
«Խնդրում եմ, ասեք՝ սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը, և որո՞նք են լինելու Ձեր կողմից իրականացվող գործողությունները»,- նման հարցով այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին։
Տ. Ուրիխանյանը շարունակեց հարցադրումները՝ հետաքրքրվելով, թե ըստ Ա. Դավթյանի՝ ի՞նչ կարգավիճակ ունի Անդրիաս Ղուկասյանը, արդյոք նա քաղբանտարկյա՞լ. «Ի՞նչ է իրականացվելու Սարի թաղի դեպքերի ընթացքում, և այդ իրադարձությունների օրերին անհամաչափ ուժ և գործողություններ իրականացրած Ոստիկանության և այլ պետական ներկայացուցիչների նկատմամբ, բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվություն կրելո՞ւ են, թե՞ ոչ։ Անցյալ տարի Ազգային ժողովում, ի հակառակ մեր հորոդորների և դժգոհության՝ լրացուցիչ 311 միլիոն դրամով օժտեց դատախազներին իրենց աշխատավարձի ավելացման տեսքով։ Արդյո՞ք գտնում եք դա տրամաբանական այն երկրում, որտեղ ծայրահեղ վատագույն վիճակ է սոցիալական ոլորտում»։
Ի պատասխան Տ. Ուրիխանյանի հարցերի՝ Ա. Դավթյանն ասաց, որ Վ. Պերմյակովի պատժի կրման վայրի խնդիրը կարող է քննարկման առարկա դառնալ միայն այն բանից հետո, երբ օրինական ուժի մեջ կմտնի նրա նկատմամբ իրականացված դատական ակտը, որը պահանջում է որոշակի իրավական ընթացակարգ։
«Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գնահատական տալուն, գնահատականը տրված է այն մասով, որ հիմա հարուցված է քրեական գործ։ Իրականացվում է նախաքննություն, Դատախազությունը մինչ այս էլ շատ ակտիվ դերակատարություն է ունեցել, ձեզ հայտնի է, նույն դեպքով լրագրողների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ Դատախազությունն առանձին քրեական գործ է հարուցել, ուղարկել է հատուկ քննչական ծառայություն։ Կարող եմ վստահորեն ասել, որ քրեական գործով օբյեկտիվ, իրավական գնահատականներ են տրվել։
Անդրիաս Ղուկասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Անդրիաս Ղուկասնայի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն իր հիմքում ունի բավարար իրավական հիմքեր»,- նշեց Ա. Դավթյանը։
Անդրադառնալով դատախազների աշխատավարձերին՝ Ա. Դավթյանն ասաց, որ չի ուզում սուբյեկտիվ թվալ, բայց վստահեցրեց, որ ՀՀ-ում դատախազական գործառույթ իրականացնող 337 դատախազները ներկայումս աշխատում են բավականին ծանրաբեռնված գրաֆիկով, և դատախազական աշխատանքն արժի այն աշխատավարձը, որ մեր երկիրը, մեր հարկատուները վճարում են։
«Դատախազական աշխատանքը բավականին բարդ և պատասխանատու աշխատանք է։ Բնականաբար, դատախազներն իրենց մինիմալ սոցիալական խնդիրները լուծելու անհրաժեշտություն ունեն։ Հուսալու մակարդակում կարող եմ վստահեցնել և ասել, որ ապագայում, երբ մեր երկրի տնտեսական վիճակը թույլ կտա, նախաձեռնությամբ հանդես կգամ ՝ այդ աշխատավարձն ավելի բարձացնելու կամ դատախազների սոցիալական խնդիրներն ավելի համընդգրկուն լուծելու ուղղությամբ»,- ասաց Ա. Դավթյանը։