«Հիմա եկավ ձեր հերթը». Արամ Մանուկյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին
Այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացրեց իր ծրագիրը, որի ընթացքում պատգամավորները հարցեր ուղղեցին դատախազի թեկնածուին։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի բացահայտման առնչությամբ։
Նա հայտարարեց, որ «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի չբացահայտումը ստեղծում է մթնոլորտ, որը սպանում է քաղաքացուն, նրա հույսը, հավատը, և այս դեպքում խոսել արդարադատության մասին, ստացվում է հռչակագրային, տեսական։
«Մենք խորհրդարան ենք մտել «Մարտի 1»-ի գործի բացահայտման և մեղավորներին պատժելու ծրագրով։ Ձեր նախորդի նախորդը համարձակություն ունեցավ ասել, որ գործը փակված է։ Նման ակնհայտ բացասական վերաբերմունք գործի բացահայտման վերաբերյալ զարմանալի էր։ Եկավ ձեր նախորդը, խոստումներ տվեց, տղամարդու խոստում տվեց, խոստացավ, որ սայլը տեղից կշարժվի, գնաց ինքն էլ իր խոստումների հետ՝ ոչինչ չանելով, հիմա եկավ ձեր հերթը։ «Մարտի 1»-ի գործը կախված է մեր ժողովրդի գլխին, ոչ թե իշխանության։ Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը այս ոչ սովորական հանցագործության նկատմամբ, ի՞նչ եք մտածում անել այս ուղղությամբ»,- հայտարարեց պատգամավորը։
Ա. Դավթյանը նախ՝ ասաց, որ որպես կանոն՝ չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն, այլ հարց է, թե իրենց ռեսուրսները, օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները որքանո՞վ են թույլ տալու ունենալ օբյեկտիվ ճշմարտություն։
«Նախորդ դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք պետք է ապահովեին քննության հետագա արդյունավետությունը: Այս պահին էլ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքի մեջ, քրեական գործի վարույթը կասեցված չէ, և, բնականաբար, որպես մեր հանրությանը հուզող կարևոր քրեական գործ՝ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը, դրա բացահայտումը և հանրությանը տեղեկություններ տրամադրելն ինձ համար առաջնահերթություններից մեկն է լինելու։ Առիթ չեմ ունեցել շփվելու այդ քրեական գործի նյութերի հետ, բայց հստակ իմ դիրքորոշումն եմ հայտնում, որ շատ լավ եմ պատկերացնում հանրության հետաքրքրությունն այդ գործի հանդեպ»,- նշեց Ա. Դավթյանը։