Լավրովն առաջարկել է գաղտնազերծել ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով համաձայնագիրը
Ռուսաստանը մտադիր է հասնել Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հրապարակմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Որպեսզի կասկածներ չառաջանան այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է կատարենք պայմանավորվածություններն այն տեսքով, որով այն կնքվել է, մենք առաջարկել ենք հրապարակել դրանք, դրանք գաղտնի չպահել, ինչպես կցանկանային մեր ամերիկացի գործընկերները։ Մենք թաքցնելու բան չունենք, այն ամենը, ինչ այնտեղ գրված է, համաձայնության առարկա է»,- ասել է Լավրովը։
«Կձգտենք հասնել այդ փաստաթղթի հրապարակմանը և առաջարկում ենք հավանության արժանացնել այդ փաստաթուղթը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի փոփոխության»,- հավելել է նա։
Նա «տարօրինակ» է անվանել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի հայտարարությունը, որը կասկած էր հայտնել, թե ռուսական կողմը կկատարի գործարքի պայմանները։