«ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջությամբ հայթայթված է, քաղհասարակությունն էլ հավանությունը տվել է». Լևոն Զուրաբյան
«Հենց նոր ստացա մի տեղեկություն, որը կարող է օրակարգային դարձնել շատ կարևոր մի հարց, որը վերաբերում է «ՀՀ Ընտրական օրենսգրքին»»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նկատեց, որ շաբաթ օրը տեղի ունեցավ ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը, որին մասնակցեցին խորհրդարանական 5 խմբակցություն.
«Դրանից հետո հանդիպեցինք դոնորների հետ, ու կարող ենք ասել, որ այդ համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջությամբ հայթայթված է և ապահովված է»։
Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ նրան հայտնել են, որ քաղհասարակությունը նույնպես հավանություն է տվել այդ համաձայնագրին։
Լ. Զուրաբյանն առաջարկեց՝ որքան հնարավոր է արագ նախաձեռնել այս համաձայնագրի ստորագրման արարողակարգը, որից հետո անմիջապես անցնեն այդ հարցի ընդգրկմանն ԸՕ-ի մեջ։
«Իհարկե, խնդիրը կարելի է արագացնել, բայց երբ օրենսդրական առաջարկությունը գա ԱԺ, առավել ևս՝ նաև կառավարություն, կարծում եմ՝ դա այնպիսի օրենք է, որ պետք է շուտ օրինականացնենք ու կգնանք դրան»,- ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։