Ազգային ժողովի հաջորդ նիստում կքննարկվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագիրը

«Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորները, հանրությունը Ղարաբաղի հարցում տեղի ունեցող պրոցեսների մասին տեղեկատվություն ստանում ենք  արտերկրյա մամուլից»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ այս խնդիրը պետք է շտկվի։

Ն. Փաշինյանի խոսքով՝ Ազգային ժողովը պետք է տեղեկատվություն ունենա բանակցային  պրոցեսի բնույթի և ընթացքի վերաբերյալ. «Քանի որ գիտեք, որ հիմա բանակցային պրոցեսում շատ նուրբ հարցեր են քննարկվում»։

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ մոտավորապես  մեկ ամիս առաջ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագիրն ըստ էության պատրաստ է։

«Կուզենայի որ քառօրյայի ընթացքում ներակայացնեիք՝ եթե պատրաստ է, ինչո՞ւ չի եկել համապատասխան ընթացակարգերով համապատասխան հանձնաժողով, եթե պատրաստ չէ, ինչո՞ւ է Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նման անպատասխանատու հայտարարություն անում։ Ես կարծում եմ՝ իրապես  պայմանագիրը պատրաստ է, ի՞նչն է պատճառը, որ այս զգայուն և պայթյունավտանգ փուլում մենք կրկին անգամ խուսափում ենք այս  հարցը բերել Ազգային ժողով և քննարկել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։

Գ. Սահակյանն էլ նշեց, որ վաղը կառավարությունն ԱԺ-ում է լինելու, այդ նույն հարցը Ն. Զոհրաբյանը կարող է  կառավարությանը տալ և ստանալ պատասխանը։
Ազգային ժողովի Արտաքին հարաբերություններին հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ որոշակի փակագծեր բացեց՝ ասելով.

«Խնդիրը դրամատիզացնելու կարիք չկա. այն համակողմանիորեն քննարկվել է, բոլոր պատգամավորները հայտնել են իրենց կարծիքը, տեքստը գրված էր մի շարք թերություններով՝ ուներ և քաղաքագիտական, և տերմինաբանական թերություններ, եկել են համաձայնության, որ հաջորդ նիստում հանձնաժողովը քվեարկի արդեն  նորացված տարբերակը։ Հաջորդ նիստում այն հեղինակների մասնակցությամբ կքննարկվի»։

Տեսանյութեր

Լրահոս