Մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը՝ «Սասնա ծռերի» վերաբերյալ հարցադրումներով
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ հուլիսյան դեպքերի ժամանակ Ազգային ժողովը մերժեց պատգամավորների առաջարկը՝ արտահերթ նիստ հրավիրելու և ստեղծված իրավիճակը քննարկելու։
«Ես հուսով եմ՝ մենք մի դրույթ կմտցնենք ու կքննարկենք այդ հարցը։ Առաջարկում եմ օրակարգում մտցել դրույթ, որ որպես բարձրագույն մարմին՝ ԱԺ-ն չփորձի զերծ մնալ նրանից, ինչը ցնցեց ողջ երկիրը»,- հայտարարեց Տ. Ուրիխանյանը։
Ըստ Գ. Սահակյանի՝ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը շատ «ցցուն» էր։ Նա նշեց, որ իրենք էլ են շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Նրա խոսքով՝ հակասահմանադրական է, երբ քրեական գործ է հարուցվել, ԱԺ-ն որոշումներ կայացնի։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում արձանագրվում է մի փաստ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, և Ազգային ժողովի պատգամավորներին հնարավորություն չի տրվում տեսակցել կալանավորված անձանց հետ։
«Խոսքը «Սասնա ծռերի» կալանավորված անձանց մասին է։ Արդեն որերորդ դեպքն է, երբ առնչվում ենք քաղաքական ենթատեքստ կամ բովանդակություն ունեցող գործերի հետ, այս ապօրինությունն ԱԺ պատգամավորների հետ տեղի է ունենում։ Այս հարցը պետք է լինի Ազգային ժողովի և ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում, ես ձեզ հորդորում եմ պարզաբանումներ պահանջել Արդարադատության նախարարությունից»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
«Կարծում եմ՝ Դուք ավելի լավ կարող եք ներկայացնել հարցը՝ ում եք ցանկացել դիտել, որևէ բան չեմ տեսնում այստեղ, որ մենք միջամտենք, կարող եմ ասել»,- ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը։