Կալիֆոռնիացիները պայքարում են մահապատժի միջոցների դեմ
Նոյեմբերին Կալիֆոռնիայի բնակիչները կանգնած կլինեն երկու միանգամայն տարբեր որոշումների առջև՝ աջակցե՞լ մահապատժի խստացմանը, թե՞ դրա վերացմանը:
Կալիֆոռնիայում 750 մարդ այժմ կանգնած է մահապատժի ուղու վրա՝ սպասելով դատարանի վերջնական որոշմանը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
«Լոյոլա» իրավաբանական համալսարանից Փաուլա Միթչելի կարծիքով, 1978 թվականից ի վեր, երբ Կալիֆոռնիան վերականգնեց մահապատժի կիրառման օրենքը, օրինական պատժամիջոցների համակարգը խախտվեց:
«Կալիֆոռնիայի հարկատուները ավելի քան 5 միլիարդ դոլար են վճարել: Նահանգը մահապատիժ է կիրառել 13 անձի նկատմամբ: Մոտ 100 մարդ մահացել է մահապատժի դատավճռի որոշմանը սպասելու ժամանակահատվածում, հիվանդության կամ ծերության պատճառով»:
Երկու ամբողջովին տարբեր օրինագծեր են առաջադրվել քվեարկության. Առաջարկ 62՝ կվերացնի մահապատիժը, իսկ առաջարկ 66՝ մահապատժի կիրառման գործընթացը ավելի արդյունավետ կդարձնի:
Քաղաքացիներն այս ուղղությամբ հակասական կարծիքներ ունեն:
Դերասան Մայք Ֆարրելն ասում է. «Ինձ համար ակնհայտ է, որ մեր երկրում մահապատժի կիրառումը հիմնված է ռասայական խտրականության վրա: Այն կիրառվում է միայն աղքատների և պատշաճ պաշտպանություն չունեցող մարդկանց նկատմամբ: Դա անարդարացի է»:
Սակայն Քերմիթ Ալեքսանդրը՝ ում մորը, քրոջը և երկու զարմիկներին սպանել են, կողմ է մահապատժի կիրառմանը:
Քերմիթի կինը ասում է,- «Դա արդարության հաստատման համար է: Եթե դա վրեժխնդրության համար լիներ, ապա ամուսինս վրեժ կլուծեր 30 տարի առաջ դատարանում: Եթե արդարության հաստատման համար ժամանակ է հարկավոր, ապա թող այդպես էլ լինի»:
ԱՄՆ-ի 30 նահանգներում դեռևս գործում է մահապատժի կիրառման օրենքը, մյուս 20 նահանգները դրանից հրաժարվել են: Մահապատիժը հազվագյուտ է կիրառվում, սակայն շատ դատախազներ, ինչպես օրինակ Ռիվերսայդ համայնքի դատախազ Մայք Հեսթրին կարծում են, որ մահապատժի օրենքը պետք է մնա, որպեսզի կիրառվի ամենածայրահեղ հանցագործությունների դեպքում:
«Կարծում եմ՝ դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:
Օրինագծերի քվեարկությունը կանցկացվի սույն թվականի նոյեմբերի 8-ին: