ԱՄՆ-ը կարող է Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին հատուկ կարգավիճակ տալ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել, ըստ որի՝ Իրաքի եւ Սիրիայի տարածքում Դաեշի կողմից իրականացված ցեղասպանությունից տուժած կրոնական եւ էթնիկ խմբերին, այդ թվում՝ հայերին, ԱՄՆ-ում կտրվի փախստականի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսական Դեյվ Թրոթի խոսքով, 2015-ին Մերձավոր Արեւելքից ԱՄՆ-ում ապաստան ստացած փախստականների թվից քրիստոնյա էին ընդամենը կես տոկոսը.

«Քրիստոնյաները կազմում են Սիրիայի բնակչության 10 տոկոսը, ուստի, ինչ-որ բան սխալ է փախստականների ընտրության գործընթացում»:

Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է ոչ միայն պատժի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներին եւ այլ կրոնական խմբերին ոչնչացնողներին, այլեւ ապաստան տա ցեղասպանության զոհերին.

«Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դերում հանդես գա, պետք է փրկի քրիստոնյաներին ինչպես քաղաքական պատճառներով, այդպես էլ՝ բարոյական պարտավորություններից ելնելով»:

Օրինագծի հեղինակներից մեկը, կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին նշել է, որ Միացյալ Նահանգները միեւնույն ժամանակ պետք է փորձի օգնել նրանց, ովքեր ցանկանում են մնալ հայրենիքում: Կոնգրեսականը ներկայացրել է մասնավորապես Իրաքի տարածքում քրիստոնյաների ինքնավար շրջանի ստեղծմանն աջակցելու մասին օրինագիծը, որի սահմաններում քրիստոնյաներն ու եզդիները իրենք իրենց պաշտպանելու հնարավորություն կունենան.

«Սա եւս մեկ քայլ է, որն ուղղված է քրիստոնյաների եւ եզդիների անվտանգ կյանքի ապահովմանը»:

Օրինագծի մյուս համահեղինակ հայ արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն կարեւորել է, որ Մերձավոր Արեւելքում՝ Քրիստոնեության բնօրրանում, շարունակվի քրիստոնյա համայնքների ներկայությունը: Այս խնդրի լուծումը, ըստ կոնգրեսականների պետք է առաջնորդի Միացյալ Նահանգները.

«Կրոնական ազատությունը մեր մնայուն արժեքներից է, որը մենք պետք է պահպանենք եւ տարածենք աշխարհով մեկ»:

Տեսանյութեր

Լրահոս