
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի ինֆոգրաֆիկան անցած շաբաթվա ընթացքում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 375 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5800 կրակոց:
Շաբաթվա ընթացքում՝ բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:
Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նույն ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր:
Նշենք, որ «Արցախպրես»-ն այսուհետ ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնելու է շաբաթվա, ապա և ամսվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը: