
ԱՄՆ նախագահ Ռեյգանի դեմ մահափորձ իրականացրած տղամարդը դուրս է գրվել հոգեբուժարանից

ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ 35 տարի առաջ մահափորձ կատարած Ջոն Հինքլի-Կրտսերը շաբաթ օրը դուրս է գրվել Վաշինգտոնի հոգեբուժարանից, հաղորդում է Associated Press գործակալությունը:
61-ամյա Հինքլին կապրի իր 90-ամյա մոր հետ Վիրջինիա նահանգում: Նրան արգելվել է շփումները մամուլի ներկայացուցիչների հետ, նա կաշխատի շաբաթական 3 օր և ամսական 2 անգամ պետք է հոգեբույժի այցելի:
Դատավորը հուլիսի սկզբին որոշում է կայացրել, որ տղամարդն այլևս վտանգ չի ներկայացնում հասարակության համար, նրա հոգեկան վիճակը բարելավվել է:
Ռեյգանի դեմ մահափորձն իրականացվել էր նախագահի պաշտոնում ընտրվելուց 69 օր անց:
1981թ. մարտի 30-ին Հինքլին ատրճանակից կրակ էր բացել Ռեյգանի և նրան ուղեկցող անձանց նկատմամբ այն պահին, երբ վերջիններս դուրս էին եկել Վաշինգտոնի Hilton հյուրանոցից:
Փամփուշտը, անցնելով ԱՄՆ նախագահի կրծքավանդակով, անցել էր սրտից մեկուկես սմ հեռու և հայտնվել թոքերում:
Հետաքննության արդյունքներով տղամարդը անմեղսունակ էր ճանաչվել և ուղարկվել հոգեբուժարան: