Սիրիայում ավիահարվածների հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել
Սիրիացի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում ավիահարվածների հետևանքով առնվազն 82 մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ն։
Երեկ հայտարարվել էր խաղաղ համաձայնագրի մասին, որին կարողացել էին հասնել Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Իդլիբ քաղաքի շուկային հասցված հարվածի հետևանքով սպանվել է նվազագույնը 37 մարդ, նվազագույնը 45 մարդ սպանվել է Հալեպ նահանգին հասցված օդային հարվածի հետևանքով, հայտնում են ընդդիմադիր ակտիվիստները:
10-օրյա զինադադարը պետք է սկսվի երկուշաբթի, այնուհետ պետք է դրան հաջորդեն ջիհադիստների դիրքերին հասցվող հարվածները:
Թուրքիան և ԵՄ-ն ողջունել են հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն նախազգուշացրել են հետագա գործողությունների անհրաժեշտության մասին:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել «քաղաքական վերակազմավորման» համար:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը խաղաղ պլանը հուսադրող է անվանել, սակայն հայտարարել է, որ անհրաժեշտ է մշակել դրա իրագործման դետալները: