Նպատակադրվել են Աֆղանստանից Իրանի տարածքով մեկնել Թուրքիա. երկու եղբայրները՝ հայաստանյան դատարանի առաջ
Աֆղանստանից Թուրքիա մեկնել ցանկացող երկու եղբայրները Հայաստանում կանգնել են դատարանի առջև։ Նրանք մեղադրվում են պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Ալլահդադ Աբդոլվահեդի Գյուլմամադի Բանզիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հունիսին եղբոր՝ Բարիդադ Աբդոլվահեդի Գյուլմամադի Բանզիի հետ գալով նախնական համաձայնության, նպատակադրվել է Աֆղանստանից ապօրինի՝ ԻՀՀ տարածքով տարանցիկ մեկնել Թուրքիա: Ըստ մեղադրանքի՝ Ալլահդադ Աբդոլվահեդի Գյուլմամադի Բանզին, եղբոր՝ Բարիդադ Աբդոլվահեդի Գյուլմամադի Բանզիի հետ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, դեռևս Աֆղանստանի տարածքում, մի անձի վճարելով յուրաքանչյուրը՝ 50.000 աֆղան գումար, ժամանել են Աֆղանստանի ԻԻՀ սահմանին տեղակայված Նեմրուզ բնակավայր, որտեղից մի խումբ այլ անձանց միանալով, ապօրինի հատելով աֆղան-իրանական սահմանը, մուտք են գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ Իրանշահր քաղաք:
Այնուհետև, ԻԻՀ տարածքում մի շարք բնակավայրեր հատելուց հետո, հասնելով իրանաթուրքական սահման, 2016 թվականի հուլիսի 6-ին խմբով մուտք են գործել Թուրքիայի Հանրապետության տարածք, սակայն հայտնաբերվել են տեղի իրավապահ մարմինների կողմից, ինչի հետևանքով խմբի 18 անդամները ձերբակալվել են, իսկ Ալլահդադ Աբդոլվահեդի Գյուլմամադի Բանզին, եղբոր՝ Բարիդադ Աբդոլվահեդի Գյուլմամադի Բանզիի հետ համաձայնության գալով, նպատակ ունենալով խուսափել Թուրքիայի Հանրապետության տարածքում ակնկալվող պատասխանատվությունից, 2016 թվականի հուլիսի 6-ին, Թուրքիայի Հանրապետության տարածքից հասնելով հայ-թուրքական պետական սահման, ժամը 12:45-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի վարչական տարածքով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, հատելով ՀՀ պահպանվող պետական սահմանը, մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն նույն օրը հայտնաբերվել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Սեպտեմբերի 8-ին գործը մակագրվել է դատավոր Լևոն Արազյանին։