«Լևադա-կենտրոնը» Ռուսաստանում ստալինյան ժամանակների վերադարձ է կանխատեսում

«Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովը կազմակերպության կայքում հրապարակել է իր հայտարարությունը, որը վերաբերել է օտարերկրյա գործակալ-կազմակերպության ռեեստրում ընդգրկվելուն:

Գուդկովը այդ փաստն անվանել է «զրպարտչական արշավ», որը սանձազերծել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Դմիտրի Սաբլինը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Գուդկովը նշել է, որ «դիվերսանտի» և «լրտեսի» խարանն արգելում է զանգվածային և այլ սոցհարցումների անցկացումը: Նրա պնդմամբ` բռնաճնշումների են ենթարկվում ոչ միայն սոցիոլոգները:

«Սոցիոլոգներից հետո կանցնեն պատմությանը, տնտեսությանը, գենետիկային, ֆիզիկային, ինչպես եղել է ստալինյան տարիներին»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով` դա կհանգեցնի երկրի մեկուսացմանը, բնակչությանը կվերածի «աղքատ և ագրեսիվ բնակչության, որը իրեն կփայփայի ազգային գերազանցության և բացառիկության պատրանքներով»:

Կենտրոնի աշխատանքը դադարեցվել է սեպտեմբերի 5-ին: «Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնը» ներառվել է ոչ կոմերցիոն կազմակերպությունների ռեեստրում, որը իրականացնում է օտարերկրյա գործակալի դեր, ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

ՌԴ արդարադատության նախարարությունը վերլուծական կենտրոնին 2 շաբաթով ներառել է ռեեստրում` մինչև սեպտեմբերի 18-ին կայանալիք քվեարկությունը:

Հայտնի սոցիոլոգ Յուրի Լևադայի կողմից հիմնադրված կենտրոնը համարվում է Ռուսաստանի երեք առաջատար սոցիոլոգիական կազմակերպություններից մեկն ու ամենաանկախը:

Տեսանյութեր

Լրահոս