Բաժիններ՝

«Հարգելի կառավարություն, Ձեր հապաղումը թանկ է նստում ընտանիքների վրա. Արդար կլինի, եթե դուք վճարեք տղաների ուսման վարձը»

2016 թվականին Հայաստանից երկու երիտասարդներ՝ Անդրանիկ Սարգսյանն ու Սմբատ Մանուկյանը, շատ բարձր գնահատականներով ընդունվել են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ, որտեղ տարեկան ուսման վճարը $3400 է: Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում: Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը: Այն, որ նրանք շնորհալի են, փաստում են ընդունելության քննությունների ժամանակ նրանց ստացած բարձր գնահատականները, ինչպես նաև այն, որ մասնավորապես Անդրանիկ Սարգսյանի ստեղծած բազմաթիվ հիշարժան քանդակներից «Հաց»-ը այսօր զարդարում է Ստեփանակերտը, քանդակի տեղադրումը տեղի է ունեցել Առաջին տիկնոջ և Երևանի քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այսօր պետության կողմից գործընթացը ձգձգելու պատճառով Անդրանիկ Սարգսյանի՝ կրթություն ստանալու հնարավորությունը դրվում է հարցականի տակ, որովհետև ուսման վճարի գումարը ընտանիքը չի կարողանում հայթայթել:

Այսպիսով՝ կարծում եմ, որ տղաները ՀՀ ԿԳՆ-ի մեղքով են ստիպված լինելու իրենց անվճար կրթությունը վճարովիով փոխարինել: Արդարացի կլինի, եթե ՀՀ կառավարությունն իր վրա վերցնի այդ պարտավորությունը:

Հ.Գ. Տղաների դասերն սկսվելու են հոկտեմբերի 1-ից: Սպասում եմ արագ արձագանքի:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս