«Կարապետյանի նշանակմամբ Երևանը ցույց է տալիս, որ գործում է Մոսկվայի ցանկությամբ». Մոդեստ Կոլերով

«Կարեն Կարապետյանի առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում ժեստ է՝ ուղղված Մոսկվային և հայ հասարակությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմում» բարձր պաշտոն զբաղեցնող Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրմանը։

Նա նշեց, որ Մոսկվայի համար նշանակություն չունի, թե ով է ղեկավարում ՀՀ կառավարությունը, քանի որ Մոսկվան ավանդաբար քաղաքական, ռազմական, տնտեսական հարցերն առաջին հերթին՝ նախագահի հետ է քննարկում։ Ուստի, Կոլերովի համոզմամբ՝ Մոսկվան չունի և չի կարող խորհուրդներ տալ ՀՀ նախագահին՝ Կառավարության ղեկավարի անձի վերաբերյալ։

«Այն մարդիկ, ովքեր Հայաստանում կարծում են, որ Կարեն Կարապետյանի նշանակումը ժեստ է՝ ուղղված Մոսկվային, այդ ժեստը պետք է ցուցադրի ինչ-որ բան հայ-ռուսական հարաբերություններում, ապա դա այդպես է՝ դա ժեստ է։ Այդ ժեստը հասցեագրված է թե՛ Ռուսաստանին, թե՛ հայ հասարակությանը։ Իմ կարծիքով՝ այդ ժեստը պետք է ցույց տա, որ ՀՀ իշխանությունները կոորդինացնում են իրենց գործունեությունը Մոսկվայի հետ ներքին քաղաքականության ոլորտում։ Ես կարծում եմ, որ այդ ժեստը կրում է քաղաքական բնույթ և փորձում է ապացուցել այն, ինչն իրականում չկա։ Կարծում եմ, որ ճիշտ են դրված շեշտադրումները Հայաստանում, այդ ժեստը Մոսկվայինը չէ, այլ՝ Երևանինը, իսկ ինչո՞ւ է Երևանին անհրաժեշտ ցույց տալ, որ իբրև թե գործում է Մոսկվայի ցանկությամբ, այլ հարց է, այստեղ կարելի է տեսական վերլուծություններ անել»,- նման տեսակետ հայտնեց Կոլերովը։ Վերջինիս կարծիքով՝ Երևանում ցանկանում են կայացվող ոչ պոպուլյար որոշումների պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա։

Թեմայի շուրջ Կոլերովի հետ 168.am-ի ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ։

Տեսանյութեր

Լրահոս