«Թուրքիան նախկինի պես շատ կարևոր դաշնակից է». Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիա այցի ընթացքում:
Նրա խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը չի ազդի ՆԱՏՕ-ում երկրի անդամակցության վրա:
«Կարծիքներ էին հնչում, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազդի ՆԱՏՕ-ում նրա անդամակցության վրա, սակայն ես այդպես չեմ կարծում»,- Ստոլտենբերգի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Թուրքիան «շատ կարևոր դաշնակից է, հատկապես Մերձավոր Արևելքում»:
«Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր գործողություններին: Նրա բանակը հեղաշրջման փորձից հետո, հավանաբար, դժվարությունների առաջ է կանգնել, սակայն Թուրքիան շարունակում է կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում»,- նշել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-երի տեսակետից:



