Որդուն վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող հորը ազատ են արձակել

Հրազդանում իր երեխային վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել։ ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ երեխայի հորդը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։

Երեխային անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող վարորդին վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել։

Ըստ քննչական կոմիտեի՝ նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ. Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:  Հարուցվել էր քրեական գործ, Գ.Խամփերյանը ձերբակալվել էր։

Տեսանյութեր

Լրահոս