Հրաժեշտ, կառավարություն. РБК-ի անդրադարձը Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և Կարեն Կարապետյանի նշանակմանը

Մեկ օրում հրաժարական ներկայացրեցին Հայաստանի և Ղազախստանի վարչապետները: Երկու դեպքում էլ հանրապետությունների ղեկավարությունը որոշեց այդկերպ հաղթահարել սոցիալական և քաղաքական խորը ճգնաժամերը, գրում է ռուսական РБК պարբերականը:

Սեպտեմբերի 8-ին նորացվեց նախկին խորհրդային 3 հանրապետությունների ղեկավար կազմը`ինքնակամ հրաժարական ներկայացրեց Հայաստանի կառավարությունը, աշխատանքից ազատվեց Ղազախստանի վարչապետը, իսկ Ուզբեկստանում նշանակվեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Քարտ-բլանշ` հանուն բարեփոխումների

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց երկուսուկես տարվա աշխատանքից հետո:

«Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- հայտարարեց քաղաքական գործիչը հինգշաբթի առավոտյան:

Աբրահամյանի հրաժարականի մասին որոշումը, ըստ էության, պատասխանն էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության` ձևավորել «ազգային համաձայնության կառավարություն», գրում է РБК-ն:

Աբրահամյանի կաբինետի աշխատանքի շրջանում (սկսվել է 2014թ. ապրիլին) երկիրը մի քանի լուրջ քաղաքական կատակլիզմներ ապրեց: 2014թ. աշնանն ազգային արժույթը սկսեց անկում ապրել ռուսական ռուբլու հետևից, արագացավ ինֆլյացիան: Մի քանի ամիս անց անկարգություններ սկսվեցին ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից մի ողջ ընտանիքի դաժան սպանությունից հետո:

2015թ. ամռանը տնտեսական ճգնաժամը Հայաստանի կառավարությանը ստիպեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչը դարձյալ բողոքի լայնամասշտաբ ակցիաների հանգեցրեց:

Հաջորդ գարնանը` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սառեցման շրջանում, որոնք ապահովում էին Անդրկովկասում ուժերի հավասարակշռությունը, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժեղագույն բռնկում:

Վերջապես, 2016թ. հուլիսին զինված ընդդիմությունը գրավեց և 2 շաբաթ իր վերահսկողության ներքո պահեց Էրեբունու ՊՊԾ գունդը:

Հայաստանի նոր վարչապետը կդառնա Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը` ծագումով Լեռնային Ղարաբաղից: Նրա թեկնածության մասին հայտնել էր Reuters-ը` հղում կատարելով հայկական ԶԼՄ-ներին ու փորձագետներին:
Կարապետյանն ունի տեխնոկրատի համբավ` նա ավելի շատ գործարար է ու կառավարիչ, քան քաղաքական գործիչ: 2000-ականներին գլխավորել է «Գազպրոմի» հայկական ստորաբաժանումը, իսկ 2011-ին կարճ ժամանակով եղել է Երևանի քաղաքապետը:

2011–2012թթ. Կարեն Կարապետյանը եղել է «Գազպրոմբանկի» փոխնախագահն ու հետագայում թոփ-մենեջեր է աշխատել «Գազպրոմի» տարբեր կառույցներում:

Երևանի գլխավոր խնդիրը ներկայումս արմատական տնտեսական բարեփոխումներն են, և Կարապետյանն ընտրվել է հենց այդ պատճառով:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ 2017թ. ապրիլին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Աբրահամյանը հրաժարականից հետո կարող է գլխավորել իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, գրում է РБК-ն` հղում կատարելով Arminfo-ի աղբյուրներին:

Տեսանյութեր

Լրահոս