«Խորհրդի նիստում դրան կանրադառնանք». Արտակ Զաքարյանը՝ Կարեն Կարապետյանի թեկնածության մասին

«ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում տարբեր վարչապետերով ստանձնել է կառավարության պատասխանատվություն և նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ կառավարության գործունեությունը պետք է գնահատել բավարար։ Նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի բոլոր մարտահրավերներն ու մեր հասարակության պահանջները, որոնք բնականաբար, կյանքի առաջընթացի հետ մեկտեղ փոխվում են, նոր պահանջներ են ի հայտ գալիս, սա բնական օբյեկտիվ ճանապարհ է։ Մ ենք պետք է նոր կառավարությանը պատրաստենք այդ նոր լուծումներին ու նոր հնարավորություններին»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու նախագահի հայտարարությանը, նա ասաց, որ դա հասարակության բոլոր խավերի պահանջմունքներն իր մեջ պարունակող ու դրանց համար ծրագրեր նախատեսող կառավարություն պետք է լինի։

Հարցին, թե արդյոք կուսակցությունում քննարկվե՞լ է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը, նա պատասխանեց. «Հիմա, եթե թույլ տաք, մենք արդեն խորհրդի նիստում դրան կանրադառնանք»: Նա նշեց, որ Կարեն Կարապետյանը եղել է Երևանու ավագանու ՀՀԿ ցուցակում, երկար տարիներ համագործակցել է կուսակցության հետ: Լրագրողի հարցին, թե որքա՞ն ժամանակ վարչապետի պաշտոնում կաշխատի Կարեն Կարապետյանը, Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Կարծում եմ` մեր վերջնական որոշումը լինի Կարեն Կարապետյանի թեկնածությունը կամ որևէ այլ անձի, այս պահին դեռ պաշտոնապես չունենք այդ տեղեկատվությունը, մենք առնվազն մինչև 2017թ. ԱԺ ընտրությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը կունենանք կառավարություն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ ժամանակավոր վարչախետ ունենալը, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ժամանակավոր չէ, յուրաքանչյուր ժամանակ բերում է իր պահանջները. «Այս պարագայում մենք ունենք որոշակի ստեղծված իրավիճակ նաև հանրային պահանջների հիման վրա, և այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հայտարարության մեջ նաև դրան անդրադարձավ»:

Նա նշեց, որ կառավարման համակարգը պարտավոր է արձագանքել հանրության վերաբերմունքին դրա նկատմամբ. հասարակությունը նաև նոր մոտեցումների, նոր լուծումների անհրաժեշտություն ունի: Նրա խոսքով` կառավարությունն ուներ գործունեության ծրագիր, և այն, ըստ էուիփթյան , պետք է վերանայվի, թարմացվի, համապատասխանեցվի ժամանակակից արտաքին և ներքին քաղաքական, նաև հանրային պահանջներին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս