«Ես ի սկզբանե որևէ տեսակի հույս երբևիցե չեմ կապել անձանց փոփոխության հետ». Ռուբեն Բաբայանը՝ ՀՀ կառավարության հրաժարականի մասին

Այսօր առավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ամփոփելով 2014 թ. մայիսին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից մինչև օրս կատարված աշխատանքները:

Վարչապետի և կառավարության հրաժարականից հետո 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ՝ պարզելու նրա ակնկալիքները կազմավորվող նոր կառավարությունից.

«Ես բազմիցս ասել եմ, որ անձերի փոփոխության մեջ չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության խնդիրների լուծումը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ տեսլականով է գալու նոր կառավարությունը, ինչպիսի՞ Հայաստան է ուզում ստեղծել, ի՞նչ քայլեր է անելու այդ Հայաստանին մոտենալու համար: Սրանք շատ ավելի կարևոր են, որովհետև անձերի փոփոխությունը, անկեղծ ասած, հետաքրքրում է ամբոխին»:

Անդրադառնալով նոր կառավարության կազմում մշակութային ոլորտում սպասվելիք փոփոխություններին՝ Ռուբեն Բաբայանն ընդգծեց.

Կարդացեք նաև

«Ես ի սկզբանե որևէ տեսակի հույս երբևիցե չեմ կապել անձանց փոփոխության հետ, ովքեր գալիս են առանց ծրագրի և ստույգ քայլերի՝ իրենց ծրագիրն իրականացնելու: Հետևաբար, մշակույթի ոլորտում, կարծում եմ, կա ոչ թե նոր նախարարի կարիք, այլ ՝ ճշտելու այդ նախարարության ֆունկցիան՝ առհասարակ: Այսօր այդ նախարարությունն ավելի շատ նման է մի կառույցի, որը որոշում է միայն՝ ո՞ւմ տալ, ինչի՞ համար տալ, ինչքա՞ն տալ… Ես կուզենայի, որ Մշակույթի նախարարությունն ավելի շատ ստրատեգիական նշանակության հարցերով զբաղվեր, հանդես գար օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կիրականանային, այլ ոչ թե կմնային լոկ նախաձեռնությունների շարքերում, որպեսզի Մշակույթը չդիտվեր՝ որպես կույր աղիք մեր երկրում, այլ՝ որպես կարևորագույն բաղադրիչ, որն իր հետ բերում է քաղաքակիրթ հասարակություն»:

«Մշակույթը, ոչ միայն իշխանության շարքերում, այլև, ցավոք, հասարակության մեծ մասի համար նույնպես ընկալվում է միայն ժամանց, այնինչ՝ կարուսելն ու թատրոնը, մեր մեջ ասած, տարբեր բաներ են»,- կեսլուրջ-կեսկատակ մեր զրույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս