Բաժիններ՝

Երևանում կմեկնարկի «Սոսե» միջազգային երրորդ կինոփառատոնը

Սեպտեմբերի 23-30-ը Երևանում արդեն երրորդ անգամ կանցկացվի «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կինոսեր հանդիսատեսի դատին կներկայացնի 104 ֆիլմ՝ աշխարհի 38 երկրներից: Այս մասին այսօր հայտարարվեց կինոփառատոնի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ՝ փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը, դերասանուհի, ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանը, կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանը:

Լրագրողների հետ հանդիպմանն ասուլիսի բանախոսները ներկայացրեցին փառատոնի առաքելությունը, ֆիլմացանկը, ժյուրիի կազմը, նախատեսված միջոցառումները և այլն:

Փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը տեղեկացրեց, որ մրցութային ծրագրի մասնակից ֆիլմերի ընտրությունն արդեն արված է, իսկ նախնական ընտրությունը վստահվել է երիտասարդ սերնդի ռեժիսորներին. «Նախնական ընտրության մասնագիտական հանձնախմբում եղել են Հայաստանից՝ կինոռեժիսոր Աննա Բայաթյանը, Բուլղարիայից՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Լյուբո Յոնչևը, Լեհաստանից՝ կինոքննադատ Մարիսյա Բիլսկան: 61 երկրներից ուղարկված 336 հայտերից առանձնացվել է 104 ֆիլմ»:

Ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանն անդրադարձավ ընտրված ֆիլմերը միավորող մի ընդհանուր երևույթի, որը, ըստ վերջինիս, ոչ լոկալ, այլ համատարած բնույթ է կրում. «Ի տարբերություն «Կին» կինոփառատոնի, այստեղ ընդգրկված ֆիլմերի ռեժիսորները կարող են լինել և´ կին, և´ տղամարդ, իսկ ֆիլմերը կանանց մասին են: Բոլոր ֆիլմերում, սակայն, ես տեսնում եմ մի առանձնահատկություն, որը, իհարկե, տխրեցնում է ինձ: Գրեթե բոլոր ֆիլմերում կինը ներկայանում է ընկճված, բոլոր ֆիլմերում առկա են խիստ միայնությունն ու հուսահատության ճիչը: Իսկապես մի ներքին պահանջ առաջացավ, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերը մասնակցեն և դիտեն այս ֆիլմերը»:

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, «Անկախություն» և «H²O» թեմաներով հատուկ մրցութային ծրագրերում և «Ուսանողական» մրցութային ծրագրում: Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:

Կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանը նկատեց մեծ ոգևորությունը, որ կա աշխատակազմի մոտ. «Ֆիլմերի բազմազանությունը, որ ներկայացված է այս տարվա փառատոնին, և միջազգային ֆորմատն արդեն պարտավորեցնող է և նշան է այն բանի, որ փառատոնը չի դոփում տեղում, այլ զարգանում է: Հույս ունեմ՝ փառատոնը կունենա երկար կյանք, և մենք ականատես կլինենք հետաքրքիր բացահայտումների»:

Տեղեկացնենք, որ կինոփառատոնի մրցող ֆիլմերը ցուցադրվելու են մայրաքաղաքի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում, իսկ այս պահին բանակցություններ են տարվում ցուցադրություններ կազմակերպելու նաև Երևանից դուրս՝ Գյումրիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս