Սիրիական ընդդիմությունն Ասադին առաջարկում է 6 ամիս հետո հեռանալ նախագահի պաշտոնից
Սիրիայի բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն, որը միավորում է Սիրիայի ընդդիմության բազմաթիվ քաղաքական և զինված խմբերի, հանդես է եկել երկրում ավելի քան 5 տարի տևող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործողությունների պլանով, հայտնում է BBC-ն:
Լոնդոնում հանդիպմանը կոմիտեի անդամներն առաջարկել են Սիրիայում 6 ամսով հրադադար հայտարարել, որի ընթացքում բանակցություններ կվարեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Այնուհետ Ասադը պետք է իշխանությունը հանձնի ազգային միասնության կառավարությանը, որը պետք է Սիրիան ղեկավարի մեկուկես տարի և զբաղվի ընտրությունների կազմակերպմամբ:
Ի պատասխան` Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆայսալ Մեկդադը BBC-ին հայտնել է, որ Ասադը ոչ մի պարագայում չի հեռանա իր պաշտոնից:
«Նրանք (արևմտյան երկրները) ցանկանում են հասնել ռեժիմի փոփոխության, այսինքն` այն, ինչ արգելված է ՄԱԿ-ի միջազգային իրավունքով և կանոնադրությամբ»,- ասել է Մեկդադը:
«Մենք հայտարարում ենք, որ Սիրիայի ժողովուրդը պետք է անձամբ որոշի իր ճակատագիրը և իր ապագան` առանց կողմնակի միջամտության»,- Ասադի կառավարության դիրքորշումը բացատրել է սիրիացի պաշտոնյան: