Ադրբեջանի ԱԳՆ-ն Deutsche Welle-ի լրագրողի անունը կներառի իր «սև ցուցակում»
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ նա «խախտել է» Ադրբեջանի օրենքները՝ առանց ադրբեջանական կողմի համաձայնության այցելելով Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
«Շատ ափսոս, որ Deutsche Welle-ի նման ազդեցիկ լրատվամիջոցի լրագրող Նաոմի Կոնրադն առանց թույլտվության այցելել է հայերի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածք: Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը Deutsche Welle մեդիաընկերությանը կտեղեկացնի մեր երկրի դիրքորոշման մասին: Նման ուղևորությունները պետք է կազմակերպվեն` համաձայն Ադրբեջանի օրենքների»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Կոնրադը խախտել է «Պետական սահմանի մասին» և «Երկրից դուրս գալու, երկիր մտնելու և անձնագրերի մասին» օրենքները, ինչպես նաև Միգրացիոն օրենսգիրքը։
«Համապատասխան հետաքննությունից հետո լրագրողի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում»»,- ասել է Հաջիևը: