Ինչո՞ւ է մարտական հերթապահության կանոնների խախտման արդյունքում մահացած զինծառայողը պարգևատրվել մեդալով. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ լրահոսում պաշտոնական հաղորդագրություն հայտնվեց, որոնք, մեղմ ասած, որոշ հարցեր են առաջացնում։ Առավոտյան դեռևս ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված էր. «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը (11:30-ի սահմաններում, ՊԲ- հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։

Դրանից ժամեր անց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայքէջում հայտնվեց մի հաղորդագրություն՝ հետևյալ վերնագրով. «Հրամանագիր հետմահու պարգևատրման մասին»։ Հաղորդագրության բովանդակությունը հևտևյալն  էր. «Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»։

Այսինքն՝ մի դեպքում ստացվում է, որ զինծառայող Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում», մյուս կողմից՝ արագորեն Բակո Սահակյանը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրում է «Լեռնային Ղարարաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար»։

Սա, իսկապես, արտառոց զուգադիպություն է։ Հաղորդագրությունների տեքստերի այս հակասությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս ու հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ Արցախի նախագահը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել «Արիության մեդալ» շնորհել զոհված զինծառայողին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս