Հարափոփոխ անփոփոխություն
Փոփոխությունների ու դրանց անհրաժեշտության մասին Հայաստանում խոսում են բոլորը։ Խոսում են մակդիրների բազմազանությամբ ու հնչերանգի լալահառաչությամբ։ Արմատական ու հեղափոխական, էվոլյուցիոն ու ինստիտուցիոնալ, անձնավորված ու համակարգային։
Խոսում է անգամ իշխանությունը, որը խոսողներից միակն է, որ կարող է ոչ միայն խոսել, այլ գոնե ժամանակ առ ժամանակ իրականացնել այդ փոփոխությունները։ Փոփոխությունների մասին խոսակցությունների դատարկությունն ու անհամությունը տեղ չեն թողնում քննարկման համար՝ իսկ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի պետությունը չապրի փոփոխությունների անհրաժեշտության մասին մշտական դարձվածաբանության ու փոփոխությունների նույնքան մշտական բացակայության ռեժիմում։
Ու քանի որ քննարկում՝ որպես այդպիսին, չկա, իշխանությունները ժամանակ առ ժամանակ փոփոխությունների իմիտացիա ստեղծող քայլեր են անում՝ մի քանի ամսով կամ տարով բավարարելով փոփոխությունների մասին խոսողներին, դրսին ու ներսին՝ հաստիքային ընդդիմադիրին ու չինովնիկին, արտահաստիքային մտավորականին ու նրանց տեղը զբաղեցնող հաստիքային պնակալեզին, կամակատար դատավորին ու դատավորի պատվիրատու հաստիքային կրիմինալին։
Փոփոխությունները, այն իմաստով, որ իմաստով որ ներկայացվում են՝ որպես Հայաստանի փրկության սպեղանի, ենթադրում են բազմաթիվ շերտեր ու բաղադրիչներ։ Ու այդ ենթադրյալ շերտերի ու բաղադրիչների շարքում անձերը, պաշտոնյաներն ու նրանց տեղակալները, վարչության պետերն ու վարչապետներն ընդամենը մի շերտ են ու մի բաղադրիչ։
Ոչ ավելին ու ոչ կարևոր՝ ամենևին։ Որովհետև կարևոր են փոփոխությունների այն շերտերը, որոնք չունեն անուններ ու ազգանուններ ու կուսակցական պատկանելություններ, որոնք շոշափելի չեն ու ներկայացնելի չեն որևէ նախարարության կոլեկտիվի կամ կուսակցական ակտիվի առջև։
Սահմանադրականություն, օրինականություն, անձնական շահի ստորադասում պետական շահին, օլիգարխի շահի ստորադասում՝ տնտեսական մրցակցության շահին, թայֆայական շահի ստորադասում՝ արդարադատության շահին, համակարգի շահի ստորադասում քաղաքացու, մարդու շահին…
Այս փոփոխությունների իրականացման պատրաստակամությունը լղոզող արտահայտությամբ անվանում են քաղաքական կամք, որն իրականում քաղաքական կամք չէ, այլ հրաժարվելու կամք է, զիջելու կամք է ու ուրիշի հաշվին կուտակված սեփական ինչքը թողնելու կամք է, հասարակությանը մոտենալու ու այդ մոտեցումով՝ հեռանալու կամք է։
Դրա բացակայության դեպքում, որը մեր կյանքի մշտական ներկայությունն է, որևէ փոփոխություն, որ ներկայանում ու ներկայացվում է անձերի ու պաշտոնյաների փոփոխության տեսքով, իրականում հակափոփոխություն է ու իրական փոփոխության ծնունդ իսկ օրորոցում խեղդող փոփոխություն է։
Երեկ, այսօր կամ վաղը հայտարարվելու է հերթական անձերի կամ հերթական խմբերի փոփոխության մասին։ Գնացողները փոփոխվելու են եկողներով, որպեսզի ավելի անհնարին ու անհավանական դառնան այն՝ իսկական փոփոխությունները, որոնք կենսականորեն անհրաժեշտ են Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին։
Փոփոխվող անփոփոխության այս գյուտը ռեկորդների որևէ գրքում գրանցված չէ ու արտոնագրային որևէ բյուրոյում արտոնագրված չէ, բայց հենց այս գյուտի շնորհիվ է Հայաստանի իշխանությունը սնուցում իրականության փոխարեն հասարակությանը ներկայացվող պատրանքը։