ԼՂՀ-ում է եղել նաև Վլադիմիր Կազիմիրովը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության միջոցառումներն այս տարի մեծ կարևորություն ստացան։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հինգ ամիս անց այս տոնակատարություններն առիթ ընձեռեցին արցախցիներին ի ցույց դնել իրենց հետպատերազմյան ոգին ու զիջումների չգնալու պատրաստակամությունը։ 168.am-ի տեղեկություններով՝ ապրիլյան պատերազմից հետո Արցախի Անկախության առաջին տոնակատարությունը Ղարաբաղյան հակամարտության ճակատագրով հետաքրքրված արտասահմանցի գործիչների համար ևս առիթ դարձավ մեկնել Ղարաբաղ ծանոթանալու այնտեղ տիրող տրամադրություններին ու իրավիճակին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի Անկախության 25-ամյակի արարողություններին է մասնակցել նաև 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը, ով իր տված բազմաթիվ հարցազրույցներում հավանություն է տվել գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը։ Ի դեպ, մեզ հասած տեղեկատվության համաձայն, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ Կազիմիրովը ժամանել է Ռուսաստանի մի շարք հայ գործիչների ուղեկցությամբ, որոնք ևս մասնակցել են անկախության տոնակատարություններին։

Սեպտեմբերի 5-ին, ըստ 168.аm-ի տեղեկությունների, Կազիմիրովը ժամանել է Երևան և կեսօրից հետո հանդիպում ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ ինչ մտքեր են փոխանակել ՀՀ նախագահն ու ԼՂ խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ մեզ հայտնի չի դարձել։ Այնուամենայնիվ, արժե հիշեցնել, որ իր ամենավերջին հարցազրույցներից մեկում Կազիմիրովը շեշտել էր. «Ղարաբաղյան կարգավորման բոլոր փուլերում Ռուսաստանն ունեցել է համապատասխան առաջարկներ և գաղափարներ, որոնք ոչ միանգամից, բայց, որպես կանոն, ի վերջո ընդունվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Բայց ինչ-որ ամբողջական ծրագրի մասին ինձ հայտնի չէ»։

Տեսանյութեր

Լրահոս