ԲՀԿ-ականի պատասխանը Սուրիկ Խաչատրյանին. «Եթե կողմնակի որևէ մեկը քիթը խոթում կամ խառնվում է այս ամուր ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության և անբարոյականության դրսևորում է»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իսկապես փորձել է ահաբեկել սեպտեմբերի 18-ին կայանալիք Գորիսի ավագանու թեկնածուներից մի քանիսին՝ պահանջելով ինքնաբացարկ ներկայացնել: Թեկնածուներից մեկը եղել է Գորիսին միացված Վերին Շեն համայնքից առաջադրված ԲՀԿ-ական Էրիկ Տատինցյանը: Մամուլում տարածված տեղեկությունները 168.am-ի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գորիսի պատասխանատու Ռոբերտ Հակոբյանը՝ նշելով, որ իրենց տարածքային կառույցի խորհրդի որոշումով 3 երիտասարդներ են առաջադրվել Գորիս համայնքի ավագանու թեկնածուներ:
Նա հայտնեց, որ կապ է հաստատել Վերին Շենի նախկին գյուղապետ Արարատ Օրդյանի հետ, նրան զգուշացրել ու ասել է, որ իր խոսքերը փոխանցի «ահաբեկիչներին». «Ես նրան ասացի՝ փոխանցիր, որ տարածքային խորհուրդն է առաջադրել ավագանու թեկնածուներին և միայն խորհուրդը կարող է այդ մարդկանց ընտրապայքարից հանել: Մեր տարածքային կառույցը մարտունակ կառույց է, նման է ամրակուռ մի ընտանիքի և, եթե կողմնակի որևէ մեկը քիթը խոթում կամ խառնվում է այս ամուր ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության և անբարոյականության դրսևորում է»:
Ռ.Հակոբյանի խոսքով՝ դրանից հետո անձամբ իր հետ որևէ մեկը չի փորձել ու չի էլ կարող կապվել:
Ռ.Հակոբյանը նշեց, որ վաղը ժամը 18:00-ին լրանում է ինքնաբացարկի ժամկետը. «Մենք գնում ենք ընտրությունների մասնակցության և մենք հիմնականում լուծում ենք 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ռազմավարական խնդիր»: