«Թուրքիան կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս». Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում: Այդ մասին հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Մամեդյարովն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին, որոնք հնարավորություն են ընձեռել միասին հավաքվել և համերաշխություն հայտնել Թուրքիայի ժողովրդին այնտեղ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որը Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամներից է:
Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը հենց սկզբում լուրջ մտահոգություն է հայտնել ու վճռականորեն դատապարտել այդ հանցագործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և որն ուղղված է եղել Թուրքիայի սահմանադրական ու ժողովրդավարական հիմքերի դեմ:
«Թուրքիան կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, պաշտպանում է խաղաղությունն ու ընդլայնում է խաղաղարար քաղաքականությունը: Այդ պատճառով Թուրքիայի կայունությունը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Մենք պարտավորություն ունենք Թուրքիայի առաջ` լինել նրա կողքին և հակազդելու սպառնալիքներին, որոնք ուղղված են նրա ժողովրդավարական հիմքերի դեմ»,- հայտարարել է Մամեդյարովը: