«Վրաստանը պետք է կարողանա կասեցնել Ռուսաստանից բխող ագրեսիան». Վրաստանում ԱՄՆ դեսպան
Վրաստանը պետք է կարողանա կասեցնել Ռուսաստանից բխող ագրեսիան և այս հարցում նրան անհրաժեշտ է ԱՄՆ-ի օգնությունը, լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին Թբիլիսիի «Ռումս» հյուրանոցում, որտեղ անցկացվում է «Եվրոպայի փոփոխական աշխարհառազմավարական լանդշաֆտը Վարշավայի գագաթաժողովից հետո» համաժողովը:
Ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, համաժողովը շատ կարևոր է, քանի որ դրան մասնակցում են Վրաստանի եվրաինտեգրման կողմնակիցները:
«ԱՄՆ-ը, բնականաբար, հայտարարում է Վրաստանի եվրաինտեգրմանն իր աջակցության մասին և հնարավոր ամեն կերպ նպաստելու է Վրաստանի ժողովրդավարական և հաջող զարգացմանը: Վրաստանը պետք է կարողանա կասեցնել Ռուսաստանից բխող ագրեսիան և այս հարցում նրան անհրաժեշտ է ԱՄՆ-ի օգնությունը: Մենք հաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանին:
Այդ հարցով մենք ակտիվորեն համագործակցում ենք: Երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թբիլիսիում էր, ստորագրվել է այդ ռազմավարության հարցով երկկողմ համաձայնագիր, և աշխատանք է կատարվում այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ»,- հայտարարել է Յան Քելլին: