«Եթե Թուրքիան ներկա լինի ապագա Սիրիայում, այնտեղ հայության ներկայության որևէ հեռանկար չի լինի»
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը վստահ է՝ եթե Թուրքիան ներկա լինի ապագա Սիրիայում, ապա երկրում հայության ներկայության որեւէ հեռանկար չի լինի:
«Այն, ինչ կատարվում է Սիրիայում, ազդեցություն է գործում ամբողջ տարածաշրջանի վրա եւ, բնականաբար, չի կարող չընդգրկել նաեւ Հայաստանը: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր դիվանագիտական լարախաղացության շնորհիվ եթե ոչ երկարատեւ, ապա կարճատեւ կտրվածքով կրկին ընդգծեց իր կարեւորությունը` որպես տարածաշրջանային խաղացող, այսինքն` երկիր, որի հետ ուզած-չուզած հաշվի են նստում գլոբալ խաղացողները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ, ինչպես տեսնում ենք, նաեւ Գերմանիան: Նրանք ստիպված են հաշվի նստել Թուրքիայի հետ, քանի որ այն խնդիրները, որոնք ունեն տարածաշրջանում, չեն կարող լուծվել առանց Թուրքիայի: Եթե ինչ-որ խնդիրներ լինեն հայերի հետ, Թուրքիան միշտ կարող է իր ձայնը լսելի դարձնել, ինչը բոլորովին մեր օգտին չէ»-ասաց թուրքագետը:
Նրա խոսքով` այսօր Միացյալ Նահանգները հայտնվել է բավականին բարդ իրավիճակում Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով:
«ԱՄՆ-ի համար քրդերը մնում եմ ամենամարտունակ դաշնակիցները, սակայն ըստ էության` ԱՄՆ կողմից սատարվող այն երկու ուժերը` քրդական զինված ջոկատները եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան այժմ պայքարում են միմյանց դեմ: Վերջին շրջանում ԱՄՆ կողմից արված հայտարարությունն այն մասին, որ անընդունելի է այդ ուժերի բախումը, խոսում է ԱՄՆ դժվար կացության մասին»,-եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը: