Սարկոզին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ առաջադրվելու մտադրության մասին
Ֆրանսիայի նախկին նախագահ (2007-2012թթ.) Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ 2017թ. մտադիր է դարձյալ մասնակցել նախագահական ընտրություններին` չնայած իր դեմ հարուցված հնարավոր դատական գործընթացին:
Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է` ելույթ ունենալով Փարիզի Պուասսի արվարձանում կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Ո´չ մի բանավեճ, ո´չ մի մանևրումներ, ո´չ մի մանիպուլյացիաներ, որքան էլ դրանք ամոթալի լինեն, ինձ ոչ մի սանտիմետրով չեն հեռացնի 2017թ. իշխանության փոփոխության ազնիվ և ուժեղ նախագիծ կառուցելու բացարձակ ցանկությունից»,- հայտարարել է Սարկոզին։
Դա Սարկոզիի առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա դեմ դատական հնարավոր գործընթաց սկսելու մասին, որը վերաբերում էր 2012թ. նախագահական ընտրություններում խարդախությունների գործին:
Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը, հղում կատարելով իր աղբյուրին, գործը դատարան մտադիր է ներկայացնել Փարիզի դատախազությունը, որը ներկայումս զբաղվում է մինչդատական ստուգումներով: